Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը

Նոյեմբեր 29,2011 15:20

Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվեց համատեղ հայտարարություն:

Հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր մենք վերստին հավաքվել ենք միասին, որպեսզի գտնենք ուղիներ ի նպաստ Կովկասում հակամարտությունների լուծման և ճշմարիտ խաղաղության հաստատման: Շարունակելով նախորդ հանդիպումների ավանդույթը` կրկին հաստատում ենք, որ հոգևորականության և հավատացյալների ջանքերն ի զորու են անմիջական կերպով բարերար ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի իրավիճակի վրա:

Ցավոք, տարածաշրջանի շատ ժողովուրդներ նախկինի պես բաժանված են միմյանցից թշնամությամբ և անվստահությամբ: Մենք բոլորս կրում ենք մինչև վերջ չկարգավորված հակամարտությունների հետևանքները: Քաղաքական արմատականները և ապակառուցողական այլ ուժեր փորձում են օգտագործել ազգային և կրոնական տարբերությունները հիմնավորելու համար իրենց հայտարարություններն ու գործողությունները, որոնք հիմնովին խորթ են կրոնական ավանդույթներին:

Մենք հաստատապես կողմնակից ենք առկա խնդիրների լուծմանը բացառապես խաղաղ և օրինական միջոցներով: Կոչ ենք անում քաղաքական գործիչներին նոր ազդակ հաղորդել երկխոսությանը` ուղղված Կովկասում հաստատուն խաղաղությանը խոչընդոտող տարաձայնությունների կարգավորմանը: Հոգևոր առաջնորդները պատրաստ են լուրջ մասնակցություն ունենալ այդպիսի երկխոսությանը:

Կոչ ենք անում աջակցել հետխորհրդային ողջ տարածքում ինտեգրման գործընթացներին` ուղղված հասարակական բոլոր շերտերին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, նաև նրանց ազգային ինքնության իրացման, դավանանաքի ազատության և կրոնական գործունեության ապահովման ոլորտներում, հնարավորություն ընձեռել նրանց զարգացնելու իրենց մշակույթը, պահպանելու իրենց լեզուն: Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների հանդեպ:

Կարծում ենք, որ զանգվածային լրատվամիջոցները, հատկապես էլեկտրոնայինները, քիչ բան են անում միջկրոնական և միջազգային համագործակցությանը զորակցելու գործում: Անհրաժեշտ է լայն ամբիոն տրամադրել ոչ թե երկպառակություն, թշնամություն սերմանող ծայրահեղականներին, այլ կրոնական և ազգային համայնքների այն առաջնորդներին, ովքեր խաղաղություն են քարոզում և տրամադիր են միմյանց հետ երկխոսության:

Վկայում ենք, որ մեր երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումները բավարար չափով ոչ միայն նպաստել են հակամարտությունների զինված փուլի դադարեցմանը, այլև թույլ չեն տվել, որ դրանք վերածվեն կրոնական հակամարտության:

Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքների շարունակումը` միջազգային իրավունքի հիման վրա  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակական ջանքեր է պահանջում հրադադարի ռեժիմի և փոխվստահության ամրապնդման համար: Ողջունելով ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձման շուրջ պայմանավորվածությունները` վճռականորեն կոչ ենք անում հակամարտող կողմերին ապացուցել իրենց հավատարմությունը տարածաշրջանի խաղաղության ու կայունության հանդեպ և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին, պայմանավորվել առաջավոր դիրքերից դիպուկահարների հեռացման մասին, գործնականում հաստատել միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների հստակ իրականացման պատրաստակամությունը:

Կիսելով մարդկանց անհանգստությունը, ովքեր մտահոգված են պատմության և մշակույթի հուշարձանների ավերմամբ, հայտարարում ենք տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը բոլոր միջոցներով աջակցելու մտադրության մասին:

Գիտակցելով մեր վրա դրված պատասխանատու առաքելությունը` հաստատակամորեն կոչ ենք անում պետական առաջնորդներին անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի թշնամությունն ու ատելությունը ընդմիշտ մնան անցյալում:

Դիմում ենք մեր երկրների ավանդական կրոնների հավատացյալներին սիրո և խաղաղության խոսքերով: Հույս ունենք, որ անկեղծ հավատացյալ անձինք մշտապես հաշտեցման ոգի կսերմանեն ազգերի միջև հարաբերություններում և կդիմակայեն կրոնն պարսավելի նպատակներով ծառայեցնելու փորձերին:

Թող Կովկասի բարեբեր հողի վրա հաստատվի կայուն և արդար խաղաղություն, իսկ մեր ժողովուրդները ժառանգեն բարօրություն և բարգավաճում:

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք

Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930