Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը:
Վիրտուալ գրադարանը Հայաստանի գիտնականներին կտրամադրի եզակի հնարավորություն` առցանց ամսագրեր եւ շտեմարաններ մուտք ունենալու համար: Այն ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված եւ ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր:
Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, համակարգի իրագործումը կարեւոր է նրանով, որ հայաստանյան ամսագրերն էլեկտրոնային տարբերակով կներկայացվեն համաշխարհային գիտական հանրությանը. «Բացի այդ ` էլեկտրոնային ամսագրերն ունեն առավել լայն տարածում: ԳԱԱ-ն ունի 3 այդպիսի ամսագիր, եւ կարծում եմ` դրանց թիվը հետագայում կավելանա»:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքերով` կոմիտեն մտադիր է մինչ 2015թ. համաշխարհային գիտական գրականության 85 %-ը դարձնել հանրամատչելի. «Վիրտուալ գրադարանի ստեղծումը կհեշտացնի գրականության հասանելիությունը եւ հնարավորություն կտա անալիզի ենթարկել աշխարհի գիտական ինֆորմացիան»:
Կարդացեք նաև
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ գիտությունն ու տեխնիկան իրենց աշխատանքում կարեւր տեղ են զբաղեցնում. «Աշխատում ենք գործընկերներ գտնել Հայաստանում եւ շարունակելու ենք խորացնել համագործակցությունը կրթության եւ գիտության նախարարության եւ ԳԱԱ-ի հետ»:
«Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման գլոբալ հիմնադրամի» ներկայացուցիչ Չարլզ Դունլապի տեղեկացմամբ` վիրտուալ գրադարանը հնարավորություն է տալիս համակարգում ստեղծել անձնական գրադարան եւ պահել որոնման արդյունքները, ընթերցել ամբողջական ամսագրեր եւ բեռնել հոդվածներ:
ԼՈՒԻԶԱ ՍՈԻՔԻԱՍՅԱՆ