Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հղի կնոջը թաքուն ներարկել են հակացուցված դեղ

Նոյեմբեր 29,2011 13:47

 Սվետլանա Աթոյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Անցյալ տարվա հունվարի 19-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Սվետլանա Աթոյանի 522 էջից բաղկացած դիմումը: Աթոյանի դուստրը՝ 25-ամյա Կարինեն, գտնվել է 35-36 շաբաթական հղիության վիճակում:

2005թ. սեպտեմբերին Կարինեն գնացել է Տավուշի մարզի «Բերդի պոլիկլինիկա» ՓԲԸ: Նպատակը մեկն էր՝ ուլտրաձայնային հետազոտմամբ ճշտել երեխայի դիրքը: Առանց համապատասխան հետազոտությունների՝ Կարինեին ուղարկում են Բերդի հիվանդանոց:

Հոկտեմբերի 1-ին Կարինեն եւ նրա չծնված երեխան մահանում են: «Դեպքի վայր ժամանած իրավապահներն իրենց հերթին խախտելով օրենքը եւ համաձայնության գալով տնօրեն Արամ Հարությունյանի հետ՝ անմիջապես չեն առգրավել ոչ իրեղեն ապացույցները, ոչ էլ Կարինեի բժշկական փաստաթղթերը: Այդ պատճառով բոլոր իրեղեն ապացույցները ոչնչացվել են, իսկ բժշկական փաստաթղթերն էլ 3 օր հետո կեղծված հանձնվել են իրավապահներին»,- եվրոպական դատական ատյանին տեղեկացրել էր ՀՀ շարքային քաղաքացին:

Տրամադրված բնօրինակի եւ պատճենի միջեւ առկա էին տարբերություններ:

Ակնհայտ կեղծված էր նաեւ հղիության անհատական քարտը, որը առգրավվել էր դեպքից մի քանի օր հետո: Ի դեպ, Աթոյանի «Փաստերի շարադրանքը» հատվածին հաջորդում են «Կոնվենցիայի եւ՝ կամ դրան կից արձանագրությունների, Ձեր կարծիքով, տեղի ունեցած խախտումները եւ դրանք հիմնավորող փաստարկները» հատվածը:

Ըստ Ս. Աթոյանի, իր դստեր եւ նրա չծնված երեխայի մահվամբ իրենց ընտանիքին պատճառվել է բարոյական եւ ֆիզիկական այնպիսի ծանր հարված, որի արդյունքում 53-ամյա ամուսինը (որը հայտնի նկարիչ էր- Ռ. Մ.) մահացել է: Խաթարված է նաեւ դիմումատուի առողջական վիճակը:

ԵԴ-ին տեղեկացվել է նաեւ, որ օրենքի խախտմամբ նշյալ հիվանդանոցում աշխատանքի է ընդունվել անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գ. Մելիքյանը (աշխատել է բժիշկ՝ 2 տարի անց միայն ստանալով դիպլոմ): Գինեկոլոգ Յուրիկ Նասիբյանը նախկինում 3 անգամ դատվել է: Ի դեպ, «Առավոտը» տարիներ առաջ տեղեկացրել էր, որ 1939թ. ծնված Յուրիկ Նասիբյանը չունի բժշկի դիպլոմ, իսկ քրեական գործի նյութերում «Յուրի Նասիբյանի» տվյալներով դիպլոմը տրված է 1946թ. ծնված անձի: Կա տնօրենի մի հրաման էլ, ըստ որի՝ աշխատանքի էր ընդունել Յուրա Նասիբյանին:

Կարինե Աթոյանի արյան մեջ հայտնաբերվել էր պտղին, հղիությանը հակացուցված «բիցվիլին» դեղը, որը բուժաշխատողների կողմից չի նշանակվել. «Ես համարում եմ, որ այդ դեղի թաքուն ներարկումը հղի կնոջը կանխամտածված ոտնձգություն է Կարինեի ու նրա երեխայի կյանքի հանդեպ: Սա Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ակնհայտ խախտում է»: Դիմումատուն նշում է, որ պետական մարմիններն այդպես էլ չբացահայտեցին, թե ով եւ ինչ նպատակով է ներարկել դեղը:

Ընդհանուր իրավասության դատարանում արվել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն մինչ օրս դեղի հանգամանքը բացահայտված չէ: Ուշադրության արժանի է այն, որ դատավոր Սամվել Մարդանյանը (ներկայում սպանված զինծառայող Արտակ Նազարյանի գործն է նախագահում- Ռ. Մ.) գլխավոր բժշկի՝ Արամ Հարությունյանի կնոջ՝ Սիրուշ Մարդանյանի հարազատ եղբայրն է: Լրատվամիջոցներն այդ մասին իմացել էին, երբ տեսել էին, թե ինչպես են մեղադրյալները «շտապօգնության» ավտոմեքենաներով դատարան բերվում:

4 տարվա դատաքննությունից հետո կարճվում է տնօրենի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, բժիշկ Գ. Մելիքյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման, իսկ Յու. Նասիբյանը՝ 4 տարի 6 ամսվա:

Գանգատաբերն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը իր որոշմամբ կդադարեցնի Բերդի բուժհիմնարկի տնօրեն Արամ Հարությունյանի պաշտոնավարությունը: Ի դեպ, Ս. Աթոյանը երկու մեղադրյալներից, որոնց նկատմամբ տարածվել է համաներման ակտը, 2 494 000 ՀՀ դրամ էր պահանջել:

Գումարն ուղարկվել է, բայց թե ում կողմից, Ս. Աթոյանն ասում է. «Բժիշկներն ասել էին, թե թոշակառու են ու գումար չունեն: Ինքս հետամուտ եմ լինելու՝ իմանալու, թե ո՞ւմ գումարն են փոխանցել ինձ: Ինձ պետք է, որ երեխայիս կյանքը խլածները հատուցեն, այլ ոչ թե մեկը, որի դանակից հնարավոր երեխաներ են մահանում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930