Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ հայրական վերաբերմունք»

Նոյեմբեր 29,2011 13:43

Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի կարծիքով՝ Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա, տղամարդկանց հոգատարությունը ավելի շատ ձեւական է:

Նոյեմբերի 25-ը Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» հերթական քարոզարշավի մասին, տարածվեցին քարոզարշավի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը, 16-օրյակի օրացույցը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դամթյու Դեսալեյնեն ասաց, որ «ամեն տարին իր հետ նորանոր փորձություններ է բերում, «16-օրյակ» քարոզարշավը հիանալի հնարավորություն է աշխարհի ուշադրությունը բեւեռելու կանանց նկատամբ բռնության գլոբալ հիմնախնդրին՝ հնարավորություն ապահովելով պայքարել հանուն կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության»: Նույն օրը արդեն Բրյուսելում Եվրոպայի խորհրդի փոխնախագահ Մոդ Դե Բուր-Բուքիքյոն ասաց, որ ԵԽ նոր հռչակագիրը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ վերացման, կենցաղային բռնության բացառման մասին նոր գործիք է, որ կարող է փոխել միլիոնավոր կանանց կյանքը: Հռչակագիրը բաց է ստորագրման համար:

Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը սկսվեց Լոռու մարզից:

Այս քարոզարշավը կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 1991 թվականից: Հիմքում 1989 թվականին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունն է, որից ծնվել է նաեւ կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը: Այսօր քարոզարշավը կազմակերպվում է 1645 երկրում, մասնակցում է 3700 կազմակերպություն: Հայաստանում առաջին անգամ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» է եղել 2001 թվականին:

Լոռիում քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ կանանց իրավունքների կենտրոնը փուչիկներ եւ բուկլետներ էր բաժանել վանաձորցիներին, իսկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը այցելությունների շարք է կազմակերպել մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում՝ տեղի ակտիվ հ/կ-ների միջոցով ներկայացնելով կանանց հանդեպ խտրականության ու բռնության ոլորտներն ու երեւույթները: Հայաստանի տարբեր մարզերի 1200 քաղաքացիների հարցումների համաձայն՝ խտրականությունը խնդիր է ավելի շատ կանանց, քան տղամարդկանց համար: Հարցվածների 24 տոկոսը անտարբեր է գենդերային խտրականությանը, 36 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում ներգրավել ավելի շատ կանանց: Հարցվածների մեծ մասը նշել է, որ իրենց համար առաջնայինը սոցիալական հարցերի լուծումն է: Ցավալի է, բայց այսօր Հայաստանում կանանց ավելի քիչ կարելի է տեսնել նշանակովի պաշտոններում՝ նախարարություններում, մարզպետարանում, քաղաքապետարանում: Հայաստանում 18 նախարարից միայն երկուսն է կին:

Կանանց հանդեպ խտրականությունն ավելի շատ ընդգծված է գյուղերում, որտեղ պահպանողական հայացքներ եւ խտրական վերաբերմունք կա բոլոր ոլորտներում: «Քաղաքականության մեջ դրությունը ծանր է նաեւ տղամարդկանց համար, քանի որ այն գումարները, որոնք պետք է ծախսվեն, չեն բավարարում ընտրակաշառքի համար»,- ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գենդերային բռնության 16-օրյակի համակարգող Ջինա Սարկիզովան:

Չնայած դպրոցներում ավելի լավ են սովորում եւ հետո բարձրագույն կրթություն են ստանում աղջիկները, ամեն դեպքում տղամարդիկ իրենց ուժերի եւ կրթվածության վրա ավելի վստահ են, քան կանայք: Կանանց 11, տղամարդկանց 7 տոկոսը չեն վստահում գիտելիքներին: Կանանց խանգարում է ոչ միայն անտեսանելի ապակյա առաստաղը, այլեւ կպչուն հատակը. այսինքն՝ չեն վստահում կանանց, կանայք էլ չեն ցանկանում դուրս գալ իրենց կաղապարից:

Խտրականությունը կանանց նկատմամբ ընդգծվում է դեռ չծնված. սա համաշխարհային խնդիր է: Եվրոպական շատ երկրներում երեխայի սեռն իմանալուց հետո արհեստական վիժեցում կազմակերպելու դեպքում քրեական պատիժ է սահմանվել: Չինաստանում, օրինակ, 8 միլիոն տղամարդու կին չի հասնում. սա արհեստական վիժումների արդյունք է, քանի որ վիժեցնում են աղջիկ պտուղը, տղային թողնում են: Թեեւ բնական շեղման դեպքում 106 տղայի դեպքում 100 աղջիկ պետք է ծնվի, սակայն այսօր ոչ պաշտոնական տվյալներով՝ 120 տղայի դիմաց 100 աղջիկ է ծնվում, ավելի խոսուն են ոչ պաշտոնական տվյալները՝ 160-100: Մանկական մահացությունները շատ են տղաների շրջանում, վերարտադրողական տարիքում նորից տղաներն են ավելի շատ մահանում, հասուն տարիքում վթարների ու արտակարգ իրավիճակների զոհ դառնում, այնուամենայիվ՝ տղաների այդքան շատ լինելն էլ իր թերի կողմերն ունի: «Եվ, վերջապես, բազմաթիվ աբորտներից հետո օրգանիզմը թուլանում է, եւ երեխան չի ապրում, հրաժարվում են աղջիկ երեխայից, ասելով՝ մենք գիտենք, որ մեծանա երեխան, խտրականության կենթարկվի, դրա համար ավելի լավ է՝ նա չծնվի»,- ասում է Ջինա Սարկիզովան:

Կարիերան կարեւոր է տղամարդկանց 73 եւ կանանց 31 տոկոսի համար: Մեր երկրում կանանց չեն պատկերացնում ոստիկանությունում, դատական, զինվորական համակարգում, նրանք ավելի շատ ներկայացված են առողջապահական, կրթական համակարգերում: «Թվում է, թե ֆինանսական ոլորտում չենք մերժում կնոջ կարիերան, բայց ասելով մենք դեմ չենք, որ բանկի աշխատակիցը, հաշվապահը լինի կին՝ միաժամանակ բոլորովին չենք տեսնում նրան որպես ֆինանսական լուրջ կառույցի ղեկավար ու առաջադեմ»,- բողոքում է Ջինա Սարկիզովան:

Առաջին հայացքից թվում է, թե հայ տղամարդիկ հոգատար են կանանց նկատմամբ, բարի վերաբերմունք կա, բայց խտրականության վերացման կազմկոմիտեն դա որակում է որպես «կեղծ հայրական վերաբերմունք»: Դա ավելի շատ նկատելի է աշխատավարձերի ցուցակից. որքան աշխատավարձը բարձրանում է, այնքան կանայք նվազում են այդ ոլորտներում:

Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գեւորգ Մանուկյանը չի բացառում, որ կինը կարող է ղեկավար դեր ստանձնել, ավելի շատ վաստակել: «Եթե կինը կարողանում է իր ամուսնուն բարձրության վրա պահել, ավելի շատ վաստակելով չոտնահարել նրա իրավունքները, խոնարհ մնալ, դա նույնիսկ գովելի է»,- ասում է Գեւորգ Մանուկյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը այս մտահոգիչ տվյալները կներկայացնի ՀՀ մնացած մարզերում եւս:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930