Օրեցօր ես եւ իմ հարազատները գնալով թերահավատորեն ենք վերաբերվում «Երեւան–Ջուր» ընկերության ջրանջատումներին վերաբերող հրապարային հիշեցումներին, ըստ որի՝ այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ հասցեում ջրամատակարարումը դադարեցվելու է: Արդեն 3-րդ անգամ է, որ «Երեւան-Ջուր»-ը տեղեկացնում է, որ Արաբկիր համայնքում (վերջին անգամ նոյեմբերի 21-ից 22-ը) 24 ժամով ջրամատակարարումը դադարեցվելու է, բայց առաջին հայացքից՝ հուրախություն բնակիչների, ջուրը չեն կտրում: Սակայն ծանուցումը լսելուց հետո քաղաքացիները սկսում են լիտրերով ջրի պաշարներ հավաքել: Բնական է, որ տասնյակ ընտանիքներում այդ օրերին կարող են լինել տխրության կամ ուրախության արարողություններ, մանկահասակ երեխաներ, անկողնային հիվանդներ եւ պատկերացրեք, թե ինչ նյարդային իրավիճակ է ստեղծվում: Սա միակ անհարմարությունը չէ, որ ընկերությունը պատճառում է իր սպառողներին:
Պատահում է, որ «Երեւան-Ջուրն» առանց որեւէ ծանուցման, ամռան ամիսներին ջրամբարները լցնելու պատճառաբանությամբ, ժամանակացույցից դուրս 6-7 ժամով դադարեցնում է բազմաթիվ թաղամասերի շենքերի ջրամատակարարումը եւ հավաստի տեղեկատվություն ստանալն այդ օրերին ուղղակի չի հաջողվում:
«Առավոտ» օրաթերթ