Լրահոս
Օրվա լրահոսը

Տունն իրացրել են, իրացնողներն էլ՝ «թռե՞լ»

Նոյեմբեր 29,2011 13:37

«Լիդեր Մոբիլ» ընկերությունը խոստացված եւ պայմանագրով պարտավորված շենքը չի կառուցել, ինչի արդյունքում բնակիչներն այսօր անօթեւան են:

Արդեն 4 տարի է, ինչ Ժենյա Պարսամյանն ու իր ընտանիքը զրկված են իրենց բնակարանից: Բուզանդի փողոցում գտնվող նրանց տունը եղել է 19-րդ դարի կառույց եւ անհիշելի ժամանակներից համարվել է քանդման ենթակա: Այդ իսկ պատճառով Պարսամյանների ընտանիքը մեծ ուրախությամբ է ընդունել այն փաստը, որ իրենց տարածքը պետք է իրացվի եւ իրենք կապրեն նոր շենքում եւ ավելի բարեկեցիկ բնակարանում, սակայն նոր տունն այդպես էլ երազանք է մնացել նրանց համար:

2007 թվականին «Լիդեր Մոբիլ» կազմակերպությունը, դառնալով Ամիրյան, Սարյան եւ Բուզանդ փողոցների հարող տարածքի սեփականատեր, Պարսամյանների ընտանիքի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ 3 տարվա ընթացքում Մ. Իշխանի անվան դպրոցի եւ Թատերական ինստիտուտի շենքերի միջնամասում պետք է նոր շենք կառուցվեր եւ այդտեղից այս բազմանդամ ընտանիքին հատկացվեր 2 բնակարան եւ վարձով բնակվելու համար էլ՝ 1 միլիոն դրամ, բայց մինչեւ հիմա շենքի հիմքն էլ անգամ փորված չէ:

«Ո՞վ պետք է մեզ պատասխան տա այս ամենի համար: Մեզնից խլեցին մեր տունը եւ փոխարենը ոչինչ չտվեցին: Մենք իրացումից հետո տեղափոխվել ենք վարձով ապրելու, մինչեւ մեր բնակարանները պատրաստ կլինեին: Հիմա վարձ ընդհանրապես չենք կարողանում տալ: Սոցիալապես վատ վիճակում ենք, անգամ ամուսնուս բուժօգնության հարցը չկարողացանք լուծել, նրան խնամք էր պետք, դեղորայք, հնարավորություն չունեինք, որ ապահովեինք այդ ամենը, նա այդ անօգնական վիճակից մահացավ: Այսպես անտուն-անտեղ մնացել ենք փողոցում, մի օր էլ մենք կմեռնենք կգնանք, տուն տվող չի լինի»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ժենյա Պարսամյանը: Նա անգամ չգիտի, թե ուր դիմի, քանի որ «Լիդեր Մոբիլ» ընկերության պատասխանատուներն անհասանելի են, իսկ հայտնվելիս էլ անընդհատ փափուկ բարձ են դնում բնակիչների գլխի տակ՝ ասելով, որ «բանկի հետ վերջին փաստաթղթերն ենք ստորագրում»: Տիկին Ժենյայի խոսքերով, այդպես արդեն մեկ տարի ձգում են. «Մենք շատ ենք սիրում Երեւանը, ուրախ ենք, որ այն վերակառուցվում է եւ գեղեցկանում, բայց մի քիչ էլ պետք է մտածել կենդանի մնացած մարդկանց մասին, որոնք ապրում են այդ նույն քաղաքում: Մի՞թե կարելի է այդքան անպատասխանատու եւ անտարբեր լինել մարդկանց նկատմամբ: Ո՞ր օրենքով են իրենք վերցնում մեզնից մեր տունը եւ առանց համարժեք փոխհատուցման եւ առանց պայմանագրի դրույթները կատարելու՝ անհայտանում: Ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել: Ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում: Մի՞թե սա է բիզնեսը, որ մարդկանց հանեն իրենց տներից, թափեն փողոց, բազմաթիվ տներ կառուցեն ու չտան, որ մարդիկ ապրեն: Եթե կառուցապատող կազմակերպությունը ինչ-ինչ պատճառներով չի կատարում իր պարտավորությունը, ինչո՞ւ է պատասխան տալիս բնակիչը: Մեր կառավարությունն ի՞նչ երաշխիքով է իր քաղաքացիների ճակատագիրը հանձնել «Լիդեր Մոբիլ» ընկերությանը»:

Կնոջ խոսքերով, իրենք այս 4 տարին մեծ հույսով են սպասել, որ նոր բնակարան են ունենալու, նորմալ ծածկ իրենց գլխին. «Կյանքի գնով դիմացանք բոլոր փորձություններին, բայց պարզվեց, որ իզուր: Գտնվում ենք հոգեպես եւ նյութապես ծայրահեղ ծանր վիճակում: Ես ընտանիքի մայր եմ եւ ուզում եմ, որ ընտանիքս գոնե իրեն հասանելիքը ստանա: Մենք դղյակ չենք ուզում, ընդամենը մեզ հասանելիքը, որ թոռներս գլխներին ծածկ ունենան»:

Նշենք, որ տիկին Ժենյան սա ընդունելով իր իրավունքների ոտնահարում՝ դիմումներով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Ժ. Պարսամյանին պատասխանել են, որ իրենք հարցում են արել Երեւանի քաղաքապետարանին եւ այնտեղից հայտնել են, որ «Լիդեր Մոբիլ» ընկերությունն իսկապես շինարարական աշխատանքներ չի իրականացնում եւ, հաշվի առնելով դա, Երեւանի քաղաքապետարանը նյութեր է նախապատրաստում ՀՀ կառավարությանը միջնորդություն ներկայացնելու՝ միջգերատեսչական խումբ ստեղծելու համար, որպեսզի «Լիդեր Մոբիլ» ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրված տարածքում առկա խնդիրներն ուսումնասիրեն եւ վերջնական լուծում տան հարցին:

Ա. ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930