Լրահոս
Օրվա լրահոսը

7 պապիկ, 2 տատիկ վտանգավոր սեռական կապ են ունեցել

Նոյեմբեր 29,2011 13:36

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 70-ն անց մարդիկ էլ կան

Մեկը կատվախոտ՝ վալերիանկա է ընդունում՝ իրեն պատեպատ տալով, մյուսը անտարբեր հեռանում է, մեկ ուրիշը մտածում է սենյակից դուրս գալուց հետո ինքնասպանություն գործելու մասին: Այսպես են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում իրենց արյան հետազոտության դրական պատասխանն ընդունում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:

Նոյեմբերի 26-27-ը Աղվերանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մասին սեմինարի ժամանակ կենտրոնի համաճարակաբան Վարդան Արզաքանյանը պատմեց, որ հիմնականում ավելի ծանր են տանում այդ պատասխանն ամուսնացած եւ երեխաներ ունեցող մարդիկ, որոնք առաջին հերթին մտածում են ընտանիքի անդամների մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Արզաքանյանը վստահեցրեց, որ ծայրահեղ մտքեր ունեցողների հետ առանձին հոգեբանական աշխատանք են տանում ու համոզում, որ այդ հիվանդությունը «վերջը չէ» եւ որ կարելի է պայքարել ու նորմալ, որակյալ կյանք վարել. «Հիվանդների հետ աշխատանքը բերում է նրան, որ նրանց մոտ դեպրեսիվ լարվածությունը, շոկային վիճակը արագ վերանում է ու ընդունում են իրենց նոր կարգավիճակը»: Երբեմն ընտանիքի անդամներն անտեղյակության պատճառով ՄԻԱՎ-ով ապրող իրենց հարազատին տարրական կենցաղում մեծ վիրավորանք են հասցնում՝ առանձնացնում են նրա ափսեն, բաժակը, սրբիչը, հագուստը եւ միայն կենտրոնի մասնագետների լուրջ բացատրություններից հետո են հասկանում, որ ՄԻԱՎ-ը սպասքից, հագուստից, լոգարանից ու զուգարանից չի կարող փոխանցվել: Ավելին, այն այնքան էլ հեշտ փոխանցվող վարակներից չէ: Եվ եթե կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն՝ վարակվելու հավանականությունը շատ չնչին կլինի:

ՄԻԱՎ ախտորոշումը հիմնովին փոխում է մարդու կյանքը. մասնագետները պատմեցին, որ վարակված զուգընկերոջն օգնության ձեռք մեկնելու փոխարեն՝ լինում են նաեւ բաժանություններ, անգամ բացահայտվում է, որ կինը, այսպես ասած՝ «լեւի է գնացել», որովհետեւ ամուսիններով ստուգվել են՝ ամուսնու մոտ պատասխանը բացասական է եղել, կնոջ մոտ՝ դրական: Վ. Արզաքանյանի պատմելով՝ «Մենք սպասեցինք 6 ամիս, որովհետեւ հնարավոր էր՝ տղամարդը «պատուհանի» շրջանում էր եւ լաբորատոր հետազոտությունը վարակի առկայությունը ցույց չէր տալիս, բայց հաստատվեց, որ վարակված է միայն կինը: Նման մի 6-7 ամուսնական զույգ ունեցել ենք»: Ինչ վերաբերում է մարմնավաճառներին ախտորոշելուն, կենտրոնի աշխատակիցների ներկայացմամբ՝ վերջին շրջանում նրանց գիտակցությունը բարձրացել է, սկսել են մտածել իրենց առողջության մասին եւ պահպանակ օգտագործել՝ թեկուզեւ միայն այն բանի համար, որ հանկարծ չվարակվեն ու «գործից չկտրվեն»:

Պարզվում է՝ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրում են ոչ միայն երիտասարդներ, երեխաներ, կանայք ու տղամարդիկ, այլ նաեւ 7 պապիկ եւ 2 տատիկ, որոնք 70-ն անց են: Մեր հարցին՝ նրանք նույնպե՞ս վտանգավոր սեռական կապի մեջ են մտել կամ թմրամիջոց են օգտագործել, թե՞ այլ ճանապարհով են վարակվել՝ Վ. Արզաքանյանը պատասխանեց. «70-ն անցեր կան, որ նորմալ սեռական կյանքով են ապրում, այնպես որ՝ կարելի է կռահել, որ դժվար թե նրանք թմրամիջոցներից վարակված լինեն»: ՄԻԱՎ-ն այն հիվանդությունն է, որը սեռ, տարիք, սոցիալական դիրք չի ճանաչում: Վարակվում են բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած մինչեւ խոպանչիներ, նրանց կանայք, երեխաները, անգամ ամենաանվտանգ վարքագիծ դրսեւորող խմբերը:

Ընդհանուր առմամբ՝ այս տարի Հայաստանում հոկտեմբերի դրությամբ հայտնաբերվել է 156 ՄԻԱՎ վարակի նոր դեպք, այն դեպքում, երբ ողջ 2010-ին հայտնաբերել էր 155 դեպք: Հաշվարկային տվյալներով՝ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրում է 2500 մարդ, բայց կենտրոնում գրանցվել է 1127 մարդ, որից 22-ը երեխաներ են: Նրանցից 20-ը վարակվել են մորից, 2-ը՝ դոնորական արյունից:

Մասնագետները կոչ արեցին, որ վտանգավոր վարքագծից հետո՝ կասկած ունենալու դեպքում անպայման գնան հետազոտման: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներ կան, որոնք ախտորոշվում են հետմահու, այնքան ուշ են դիմել բժշկի. «Տարվա մեջ 1-2 նման դեպք ունենում ենք, երբ մահանում են՝ նոր ախտորոշում ենք վարակը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930