Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկներն էլ կարող են դաջվածքներ ունենալ

Նոյեմբեր 29,2011 13:32

Ծաղկի թերթիկը կարող է դառնալ գովազդի տարածք

Սովորաբար դաջվածք ասելով հասկանում ենք մարդու մարմնի վրա արվող զարդանախշերը: Գուցե զարմանալի թվա, բայց ծաղիկները նույնպես կարող են դաջվածքներ ունենալ: Խոսքը ծաղիկների ձեւավորման նոր տեխնոլոգիայի մասին է՝ դաջվածք ծաղկի թերթերի եւ տերեւների վրա:

Մեր երկրում ծաղիկների զարդարման այս նոր տիպը երկու տարի է, ինչ կիրառում են Սուսաննա Կիրակոսյանն ու նրա մի քանի ընկերները: Ս. Կիրակոսյանի ներկայացմամբ՝ ծաղիկների վրա դաջվածքն արվում է ամերիկյան հատուկ տեխնոլոգիայով ու հատուկ ներկերով: «Դա չի փչացնում ծաղիկը, որովհետեւ տեխնոլոգիան այնպես է մշակված, որ ծաղկի համար նախատեսում է հատուկ շնչուղիներ»,- պատմում է Սուսաննան: Բույսերի ֆիզիոլոգ Կարինե Ազատյանն այլ կարծիքի է: Նրա խոսքերով, դաջվածքը ստացվում է հոսանքով ինչ-որ բան այրելու միջոցով: «Այրված հատվածը չի կարող վնաս չստանալ: Ծաղկի վրա այրվածքով արված դաջվածքը կխախտի բույսի բջիջների ամբողջականությունը: Վնասված մասից կարող են թափանցել սնկեր եւ ախտահարել բույսը, որի հետեւանքով այն կփտի»,- բացատրեց բույսերի ֆիզիոլոգը: Վերջինս, սակայն, հավելեց նաեւ, որ ինքն ու իր գործընկերները գրեթե ծանոթ չեն ծաղիկները զարդարելու այս տարբերակին եւ, գուցե, այն ստեղծված է այնպես, որ բույսին նվազագույն վնաս հասցվի:

Սուսաննան համոզված է՝ դաջվածքը ոչ միայն անվտանգ է ծաղկի համար, այլեւ ձեւավորման հուսալի միջոց է. ծաղկի թերթիկները շոշափելու ու անգամ դրանք թրջելու պարագայում ներկն ու դաջվածքը չեն մաքրվի, այդ է վկայում ամերիկյան փորձը, ինչին հավատարիմ են նաեւ Հայաստանում:

Արամը, ով առաջին անգամ չէ, որ պատվիրում է դաջվածքապատ ծաղիկներ, ասում է. «Կոնկրետ ինձ համար այնքանով է լավ, որ, երբ վիճած եմ լինում ընկերուհուս հետ, ծաղիկների վրա դաջել եմ տալիս «ներիր ինձ», նմանատիպ այլ բառեր ու սիրո խոստովանություններ ու նվիրում նրան»:

Յուրաքանչյուր դաջվածք ունի ինքնատիպ բովանդակություն: Դրանում, Ս. Կիրակոսյանի խոսքով, կարող են հանդես գալ տարբեր բարեմաղթանքներ, սիրո խոստովանություններ, անգամ կազմակերպությունների լոգոտիպեր եւ այլն. «Փաստորեն, ծաղկի թերթիկը դառնում է գովազդի տարածք»,- ընդգծեց Սուսաննան, որի փոխանցմամբ, դաջման շնորհիվ ծաղկի վրա կարելի է տեղադրել նաեւ լուսանկար:

Ամենօրյա պատվիրատուների թվում առաջին տեղում տղաներն են, հետո՝ աղջիկները, ովքեր դաջված ծաղիկներ են նվիրում իրենց մայրերին: Յուրահատուկ կարգավիճակում են ուսուցիչները, որոնց համար եւս պատվերներ լինում են:

Ս. Կիրակոսյանը կարեւորեց մեկ հանգամանք՝ ոչ բոլոր ծաղիկներն են, որ իրենց թերթերի վրա կարող են դաջվածքներ կրել: Նրա պարզաբանմամբ, մանր տերեւներ ու թերթիկներ ունեցող ծաղիկներն իրենց բարդ կառուցվածքի պատճառով դժվարություններ են ստեղծում դաջման ընթացքում: Ի տարբերություն այդ տիպի ծաղիկների՝ դաջման համար շատ հարմար են վարդը, կակաչը եւ լայնաթերթ բոլոր ծաղիկները:

Ծաղկի դաջվածքները շատ մեծ լինել չեն կարող. պետք է լինեն այնպիսին, որ հեշտությամբ տեղավորվեն, օրինակ՝ վարդի թերթի վրա: Դաջվածքը կարող է բաղկացած լինել մեկ խոսքից, փոքրիկ արտահայտությունից: Բայց, անկախ այս տարբերություններից, մեկ դաջվածքն արժե 600 դրամ:

ԱՆԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ

ԵՊՀ ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930