Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դարպասապահներ ենք աճեցնում՝ եղածը «շաղ տալով»

Նոյեմբեր 29,2011 13:29

Հայկական ֆուտբոլային լրատվամիջոցների հաղորդմամբ, «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը այս ձմռանը կարող է մեկնել Իրան: Այնտեղի բարձրագույն խմբում էլ, ինչպես մեզ մոտ, արտասահմանցի դարպասապահների բացարձակ սահմանափակում է գործում, ինչը, սակայն, չի տարածվում առաջին դիվիզիոնի վրա: Հենց առաջին դիվիզիոնի մի շարք թիմերի հետ էլ Կասպարովը բանակցություններ է վարում:

Հայաստանում ընդունված պրակտիկա է, որ մեր ֆուտբոլիստները ձմռան ամիսների դադարին մեկնում են Իրան՝ ժամանակը եւ խաղային փորձը չկորցնելու ու, ինչու չէ, նաեւ գումար վաստակելու համար: Տխուր է, սակայն, որ այսօր մենք Իրանի առաջին դիվիզիոնում հանդես եկող արդեն երեք դարպասապահ ունենք. Գրիգոր Մելիքսեթյանը, ավելի փորձառու Նիկոլայ Սարգսյանն ու Մայիս Ազիզյանը: Կասպարովի մեկնման պարագայում նրանց թիվը կհասնի չորսի, ինչը Հայաստանի առաջնությունում հանդես եկող թիմերի ուղիղ կեսն է: Մինչդեռ, Հայաստանում դարպասապահի խնդիրն այնքան է սրացել, որ ՀՖՖ գործկոմի որոշմամբ 2012 թվականից երկրի բարձրագույն խմբի առաջնությունում ամբողջությամբ սահմանափակվելու է օտարերկրյա դարպասապահների մասնակցությունը՝ մեր կադրերի աճը խթանելու նպատակով: Ի դեպ, այս չորս դարպասապահներն էլ տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել ազգային հավաքականում կամ էլ հավաքականի թեկնածու են եղել: Այս պարագայում ցավալի է, որ դարպասապահներ չունենալով հանդերձ, եղած քիչն էլ մեզ մոտ «շաղ է տրված» աջուձախ, մանավանդ` մակարդակով առավելություն չունեցող առաջնությունում: Իհարկե, դա գուցե նոր սերնդի ի հայտ գալ ու աճ ապահովի, սակայն փորձն ու մրցակցությունը, մանավանդ դարպասապահների հարցում, դեռ երբեք ու ոչ ոքի չէր խանգարել:

2012-2013 թթ. մրցաշրջանն այդ տեսանկյունից որպես լակմուսի թուղթ կծառայի՝ ցուցադրելով թե բացերը, թե զարգացման հեռանկարները… Մնում է միայն ամեն առումով անցումային այդ առաջնությունից ճիշտ հետեւություններ անել:

ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930