Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, հետեւելով իր շեֆի` Վովա Գասպարյանի օրինակին, երեկ կադրային մի շարք փոփոխություններ է կատարել համակարգում: Նրա հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանապետ Արթուր Բիչախչյանը` ընկնելով ռեզերվային կադրերի ցուցակ: Վերջինս եկել էր Դիլիջանից, նախկինում եղել էր հենց այդ քաղաքի ոստիկանապետը, իսկ Գյումրիում պաշտոնավարեց մոտ 2 տարի: Այս պահին նրա աթոռը հանձնվել է Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանին, որն, ի դեպ, վերջին շրջանում առանց տրտնջալու, պարտաճանաչորեն դեպի Երեւան էր ուղեկցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցող շիրակցի ընդդիմադիրներին: ՀԱԿ ակտիվիստների համաձայն՝ ոստիկանապետն իրենց հետ անգամ ժամադրվում էր Սարյանի արձանի մոտ, որտեղ սովորաբար հավաքվում են շիրակցիները ու երթով շարժվում դեպի Ազատության հրապարակ: Ինչեւէ, մեր ոստիկանական աղբյուրների բնութագրմամբ՝ «Արթուր Բիչախչյանը պասիվ անձնավորություն էր, նրա թափը չէր հերիքում գյումրեցիներին կարգի հրավիրելու համար, իսկ Վահրամ Ենգոյանի դուխը տեղն է, նա հանգիստ կարող է քյալլա տալ նույնիսկ անձեռնմխելի համարվող անձնավորությունների հետ»:
Նշենք նաեւ, որ Ախուրյանի նախկին ոստիկանապետը վերջին շրջանում աչքի ընկավ վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների բողոքի ձայնը լռեցնելով, մասնավորապես՝ Ջաջուռի լեռնանցքի մոտ ամենակոպիտ մեթոդներով փակեց դեպի Վանաձոր հանրահավաքի մեկնող գյումրեցի վարորդների ճանապարհը: Վահրամ Ենգոյանի փոխարեն Ախուրյանի ոստիկանապետ է նշանակվել Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, որն, ի դեպ, երկար տարիներ զբաղեցնում էր հենց Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը, սակայն նրա դեմ քրեական գործ հարուցեցին ու աշխատանքից հեռացրին՝ էլցանցից կատարված բարձրավոլտ հենասյուների գողությունը կոծկելու համար: Ամասիայի ոստիկանապետ է նշանակել Ղուկասյանի ոստիկանապետ Վարազդատ Աբաջյանին:
Շիրակի մարզի առանձին տարածաշրջաններից զատ, փոփոխություններ են կատարվել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, օրինակ` ռեզերվային կադրերի ցուցակ են գցել նաեւ մարզի կադրերի գծով փոխոստիկանապետ Ռուբիկ Համբարյանին, մի աստիճանով բարձրացրել Գյումրու ծառայության գծով փոխոստիկանապետ Համլետ Կիրակոսյանի պաշտոնը` նրան նույն գծով ծառայության տանելով մարզային ոստիկանապետի մոտ: Շիրակի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Հարություն Ավետիսյանին էլ նշանակել են կադրերի գծով տեղակալ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև