Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավանդական լուսանկարչության հանդեպ անտարբեր եմ»

Նոյեմբեր 29,2011 13:25

Կամ՝ Նարեկ Խեչոյանի «Առաջնայնության պրոյեկցիան»

Լուսանկարիչ Նարեկ Խեչոյանը այս էլ որերորդ անգամ անհատական լուսանկարների ցուցահանդես է կազմակերպում, վերջին անգամ՝ «Բյուրոկրատ» գրախանութում՝ «Առաջնայնության պրոյեկցիա» խորագրով: Թեեւ լուսանկարչին թվում է, թե հանրությունը այդքան էլ լավ չի պատկերացնում իր աշխատանքների բուն իմաստը, բայց հույս ունի, որ մի օր մարդիկ այս ամենին ավելի փիլիսոփայնորեն կմոտենան:

Նա լուսանկարչությամբ զբաղվում է 1998 թ.-ից, իսկ վերջին նախագծով՝ 2006-ից: Նարեկը ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը:

– Զբաղվելով լուսանկարչությամբ՝ տեսնո՞ւմ եք սահմանային գծեր գեղանկարչության հետ:

– Իմ աշխատանքները մոտ են գեղանկարչությանը, եւ իմ լուսանկարները շատ ավելի հեռու են լուսանկարչական ավանդական մոտեցումներից: Ես շատ ավելի ազդվում եմ գեղանկարչությունից, եւ այսօր աշխարհում գոյություն ունեցող ավանդական լուսանկարչության հանդեպ անտարբեր եմ: Ինձ հարազատ են Շագալի, Կլայնի եւ այլոց աշխատանքները:

– Լինո՞ւմ է, որ մի նկարի համար օրերով աշխատեք:

– Իհարկե: Պատահում է, որ մի նկարի գաղափարի վրա օրերով ու շաբաթներով եմ աշխատում, բայց լինում է նաեւ, որ միանգամից նկարում եմ, մի տեսակ հոգեպես եմ ոգեշնչվում: Իմ գործերը երբեք համակարգչային ձեւափոխության չեն ենթարկվում՝ գուների հետ կապված, ռակուրսի, մասշտաբի: Ինչպես լուսանկարում եմ, այնպես էլ երեւակում ու արտատպում:

– Հեռուստատեսությունում օպերատոր եք աշխատում, կա՞ ընդհանրություն օպերատորության եւ լուսանկարչության մեջ:

– Դրանք սերտորեն կապված են միմյանց հետ: Ավելին՝ օպերատորությունը սկսվում է հենց լուսանկարչությունից: Բայց լուսանկարչական արվեստը ավելի շատ գեղանկարչությանն է մոտ կանգնած:

Այսօր օպերատորությունն ինձ համար զուտ կենսական խնդիր է լուծում. աշխատում եմ օպերատոր եւ վարձատրվում, իսկ լուսանկարչության համար ինձ ոչ ոք չի վարձատրում, այն ինձ համար կարծես հոգեւոր սնունդ լինի:

– Ձեր այս ցուցահանդեսը անվանել եք «Առաջնայնության պրոյեկցիա» եւ այն բացատրել եք որպես մատերիայի, տարածության, ժամանակի եւ կետի փոխհարաբերություն: Ինչի՞ հետ եք կապում այս փիլիսոփայությունը:

– Իմ բոլոր աշխատանքները ես կատարում եմ հետեւյալ ոճով՝ այն, ինչ կա իմ սեփական կյանքում, արտացոլում եմ արվեստում: Այս դեպքում արտացոլել եմ այն, ինչ կցանկանայի տեսնել կյանքում, այն է՝ հոգեւորի նախապատվությունը կենցաղայինից:

Հարցազրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Լուսանկարը՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930