Կամ ընթրիք բոլորի համար
Խոսք՝ Դավիթ Երաժշտին, մաեստրո Երկանյանին
եւ մյուս երանելիներին՝
«Վարք Հիմարաց» ներկայացման
լույսի սահմաններում։
«Տաղարանի» եւ նրա երաժշտական երգեցիկ գունապնակի միջոցով, այս գործի հեղինակները կարողացել են ստեղծել, բեմադրել յուրօրինակ մինի օպերայի ժանրին բնորոշ ներկայացում։
Մաեստրոյի փոքրիկ փայտիկի հանդիսավոր եւ հավասարաչափ շարժման շնորհիվ ներկայացման գույներն արթնանում են։
Ներկայացումը սկսվում է։
Բեմ։ Բեմի գեղարվեստական բացահայտումներն առանձին վերցրած, հակիրճ միզանսցենների, միջնախաղի կառուցվածքի, ընդհանուր կոմպոզիցիայի, թեմատիկ-սյուժետային լուծումների, լիբրետտոյի, մասնավորապես՝ խմբավարական, դիրիժորական, աշխատանքային մեկնաբանությունների… երաժիշտ-կատարողների, երգիչ-դերասանների ձայնային կոլորիտին համահունչ գունային բնավորության ձեւավորման ինքնատիպությամբ, ոչ մտացածին, բնականին հարազատ մնալու, պայմանական ընկալման ձեւի եւ ոգու հոգեբանության մեջ, հեղինակները գործի բեմականացման եւ բեմադրության լուսաբանման սահմաններում, նոր լուծում, նորովի մտահղացումներ են առաջարկում Թումանյանի խոսքին։
«Ժլատ» խոսք։ Ձայնային մելիզմ-մեղեդայնություն, դրամատիկ, խաղարկային ինտոնացիա, երգեցիկ, հարուստ, գունային նրբերանգներ, ձայնի եւ գույնի արտահայտչամիջոցների զարմանահրաշ ներդաշնակություն… Նաեւ՝ կոնտրաստային, գունային հակադրությունների դրամատիկ կատակաբանություն։ Դիրիժորական չափի, սրինգների վրձնահարվածներից հնչող ծնծղաների մեղեդի, ջութակի եւ թավջութակի արեւհեր անձրեւ…
Երեկո Է։ Իմաստասիրական խորհուրդ՝ Կիկոսների եւ կիկոսերգության մասնակիցների միջեւ…
Երաժշտական փոքրիկ կտորներ, սկզբից տարօրինակ հնչեղություն են ձեռք բերում, եւ գտնելով ունկնդրին, աշխատասեր մեղուների հոտառությամբ, զգույշ իջնում են հանդիսասրահ, ունկնդրի ունկերին ծաղկող վարդաթերթերին… Եվ հետո, նրբահեր քնքշությամբ, քամուց քշված խատուտիկների նման աշխուժություն են պարգեւում խստապահանջ հանդիսատեսին։ Ներկայացման գունապնակը բացվում է։ Արարման վրձինները գունային մեղեդիներ են հորինում դիրիժորի եւ ունկնդիրների երաժշտական ներաշխարհ գունավորող գունարարման պատկերների մեջ։
Գույները հավաքվում են նույն սեղանի շուրջ։ Ներկայացումը շարունակվում է։
Ներկայացման առանձին կիկոսերգություններ միանում են միմյանց՝ խոսքի եւ ձայնի փոքրիկ ընդմիջումներով։ Բեմականացման եւ բեմադրության կապող օղակը՝ հեղինակների մեկ խենթության դաշտի մեջ, հանճարեղորեն տեսնելու այս գործի բուն հեղինակին՝ Թումանյանին։ Եվ արժանանալով հանդիսատեսի բուռն համակրանքին, մեր ճանաչած Կիկոսները կերպարանափոխվում, դառնում են առավել նախընտրելի… Բնավորություն, խարակտեր… կերպարային փոխակերպումներ, ռեժիսորական, երաժշտական ընդհանրացումներ, որ հատուկ է բեմադրության հերոսներին՝ ձեւավորվում, մարմնավորվում է բեմում։ Բեմը դառնում է կոլորիտային միջավայր, ընդգրկում է մեր հերոսների բնաշխարհիկ ներկայությունը հանդիսասրահի եւ դերասան-հանդիսատեսի ընկալման երաժշտական գունապնակի մեջ։
Այստեղ յուրաքանչյուր ունկնդիր ներկայացման իր հերոսին յուրովի է տեսնում։
Ներկայացումը տեղափոխվում է հանդիսասրահ, հանդիսատեսը մտնում է նույն կեղեւի, նույն կերպարի հոգեբանական ներկայության տարածք: Մարմնավորում, լրացնում է մեր հերոսներին եւ նույն դերաշապիկը հագած անկեղծ թախծում է եւ ծիծաղում։ Գունային, տարածական մտածողություն…
Եվ կոմպոզիտորական, եւ դիրիժորական մեկնաբանությունները ռեժիսուրայի հետ միասին, ներկայացման արեւապնակը դարձնում են ավելի ամբողջական, լայն կտավի մի գործ: Կիկոսների կես կատակ, կես լուրջ «միամիտ» խաղարկային հումորով համեմված, պրոֆեսիոնալիզմի, անգերազանցելի վոկալ-ձայնային, վիբրացիաների, երաժշտական, մեղեդային նուրբ անցումների շնորհիվ, Թումանյանի խոսքը մտնում է մեծ լսարան… Լուսասրահի եւ դերասան-հանդիստեսի կերպարանափոխման միջեւ լսվում է հեղինակի կիկոսերգության վերջերգը: Եվ ավելի տեսանելի, ընկալելի է դառնում մեր հերոսների ներկայությունն այստեղ։ Կտավն ավարտվում է։
Ներկայացման գունապնակը մնում է հեռվում։ Գույները հագնում են ծիրանի։
Երեկոն մերկ է։ Թումանյանական ընթրիք։ Ընթրիք՝ բոլորի համար՝ Կիկոսների մասնակցությամբ։ Երանի կանչվածներին: «Բարեբախտաբար» Կիկոսներ կան…Այստեղ են, մեր կողքին, մեզ հետ։
Էքնոս
Մ.թ.ա. 29. 10. 2011, Երեւան, Կոմիտասի տուն
«Առավոտ» օրաթերթ