Լույս է տեսել «Հաշվապահի գրադարան» խորագրով մատենաշար, որի գլխավոր խմբագիրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն է: Ձեռնարկի նպատակը հանրապետությունում գործող շուրջ 80 000 հաշվապահներին մեթոդական օգնության ցուցաբերումն է հարկային խորհրդատվության, ֆինանսական հաշվետվությունների կազմման ոլորտում: Բացի այդ, այն կիրառելի է ներկայիս բուհական համակարգում ֆինանսահաշվային մասնագիտությամբ սովորող 7 000 ուսանողների շրջանում, որոնք կարիք ունեն հաշվապահական հաշվառումը ուսումնասիրելու ոչ միայն սոսկ հաշվետվությունների ներկայացման միջոցի, այլեւ տնտեսական գործունեության ոլորտում կառավարչական որոշումներին աջակցման գործիքի տեսանկյունից:
Մատենաշարը լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում եւ 2011թ. ընդգրկել է հետեւյալ 6 գրքերը. «Հաշվապահություն սկսնակների համար», «Հաշվապահական հաշվառման խնդիրներ», «Ինչպե՞ս կարդալ հաշվապահական հաշվեկշիռը», «Տնտեսական իրավունքի հիմունքներ», «Աուդիտ եւ ներքին վերահսկողություն», «Ֆինանսական վերահսկողությունը ագրոբիզնեսում»: Ի դեպ, 2012 թ. «Հաշվապահի գրադարան» մատենաշարով լույս կտեսնեն գալիք տարում հանրապետությունում նախատեսվող հարկային բարեփոխումների մեկնաբանություններին առնչվող ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ