Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներն անտեր են մնացել. նրանցով միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են զբաղվում

Նոյեմբեր 29,2011 14:01

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան հոկտեմբերի վերջին 15-25 տարեկան 1065 երիտասարդների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու երիտասարդների արդի դիրքորոշումները: Հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների գերակշռող մասը` 62%-ը, իր ապագան տեսել է հայրենիքում: 15.4%-ը մտադրված է հեռանալ Հայաստանից, իսկ 22%-ը երկրից հեռանալը հնարավոր է համարում: Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը նշեց, որ աղջիկներն ավելի կապված են հայրենիքի հետ, քան տղաները. Հայաստանից հեռանալու մտադրություն ունեն աղջիկների 11.2%-ը, իսկ տղաների՝ 20%-ը: Երկրից մեկնելու մտադրության հիմնական պատճառներն են ուսում ստանալը, աշխատանք որոնելը, գործազրկությունը, վատ տնտեսական վիճակը:

Հարցումը ցույց է տվել, որ երիտասարդների կեսն է մտադիր ընտանիք կազմել ապագայում, իսկ դրանցից երկու երրորդն է ցանկանում ունենալ 2 կամ 3 երեխան: Ըստ Գ. Պողոսյանի, այս հանգամանքը չափազանց մտահոգիչ է. «Սա նշանակում է, որ մեր ապագան վտանգված է»:

Հարցվածները նշել են, որ իրենց համար ֆինանսական վիճակը կարեւոր նշանակություն ունի: Նրանց կարծիքով, ուսումն ավարտելուց հետո կյանք մտնող երիտասարդն իր կյանքը կարգավորելու համար պետք է ստանա բարձր աշխատավարձ. հարցվածների 40%-ը գտել է, որ աշխատավարձը պետք է կազմի մոտ 200 հազար դրամ, 20%-ի կարծիքով, այն պետք է հասնի մինչեւ 300 հազար դրամ, իսկ 10%-ը գտնում է, որ այն պետք  է լինի մինչեւ 500 հազար: «Այսօր ոչ մի մասնագետ այդքան բարձր աշխատավարձ չի ստանում, նույնիսկ ակադեմիկոսներն այսքան չեն ստանում: Հասկանալի է, որ այսպիսի բարձր սպասելիքներ, ակնկալիքներ ունեցող երիտասարդները երեւի թե պետք է աչքները դուրս տանեն արտերկրներ, որտեղ աշխատավարձն ավելի բարձր է, այսինքն սա նույնպես արտագաղթ ձեւավորող գործոն է»,- նշեց Գ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 23,8 %-ը իր ձայնը մտադիր է տալ ՀՀԿ-ին, 18%-ը՝ ԲՀԿ-ին, իսկ 6%-ը՝ ՀՅԴ-ին: Արդյունքների մեջ նշված է նաեւ ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը, բայց հավանաբար ձայների քիչ տոկոսի պատճառով նշված չէ, թե որքան:

Բոլոր դեպքերում երիտասարդության մեկ երրորդը՝ շուրջ 35%-ը, դեռ ոչ մի կուսակցության մտադիր չէ տալու իր ձայնը: Այս հանգամանքը պարոն Պողոսյանը բացատրեց նրանով, որ ոչ բոլոր կուսակցություններն են ակտիվ աշխատում երիտասարդ սերնդի հետ:

Հարցին, թե  պարոն Պողոսյանը հարցումներից տպավորություն չունի, թե Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է, որ երկրում մնան միայն ՀՀԿ-ին ձայն տվող երիտասարդները: «Ես տպավորություն ունեմ, որ Հանրապետական կուսակցությունը երիտասարդների հետ լավ աշխատանք է տանում, ԲՀԿ-ն էլ է անում, ինչը չեն անում մնացածները: Ոնց որ անտեր են մնացել երիտասարդները, իրենցով ոչ ոք լրջորեն չի զբաղվում»,- պատասխանեց սոցիոլոգը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930