Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիրքորոշումները պետք է այսօ՛ր հստակեցնել

Նոյեմբեր 29,2011 12:53

Անցած ուրբաթ օրը, երբ «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ նախաձեռնությամբ եւ ՀՀ քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան արտաքին քաղաքականությանն առնչվող քննարկումներ ու բանը հասավ ՌԴ վարչապետ Պուտինի՝ Եվրասիական միություն ստեղծելու առաջարկության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն, ո՛չ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, ո՛չ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ու ո՛չ էլ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը այդ միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին կոնկրետ ու հստակ դիրքորոշում չհայտնեցին: Առաջին երկուսն ասացին, թե դա ժամանակավրեպ հարց է, որովհետեւ Հայաստանի օրակարգում նման հարց դեռ չկա, իսկ ՀԱԿ ներկայացուցիչն էլ ասաց, թե նախ՝ պետք է փաստաթղթին ծանոթանալ, հետո նոր կարծիք հայտնել:
Միակ կուսակցությունը, որը հստակորեն դեմ արտահատվեց այդ միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը՝ «Ժառանգություն» կուսակցությունն էր՝ ի դեմս խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի: Ավելին, նա հայտարարեց, թե անկախ այն բանից՝ այդ հարցն այսօր օրակարգում է, թե ոչ, պետք է դրա առնչությամբ հստակ դիրքորոշում ձեւակերպել:
Արդեն երեկ այս հարցին անդրադառնալով՝ Ստ. Սաֆարյանն «Առավոտի» հարցին ի պատասխան բացատրեց, թե ինչու է «Ժառանգությունը» դրան դեմ, եւ թե ինչու է անհրաժեշտ անգամ «ժամանակավրեպ» համարվող այս խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել արդեն այսօր. «Որպեսզի ՀՀ իշխանությունները գիշերային ու անակնկալ որոշումներ չկայացնեն, ու մի օր որեւէ պաշտոնյա՝ արտգործնախարար, վարչապետ կամ նախագահ, չգնա մոսկվաներ կամ աստանաներ ու ստորագրի մի բան, որը երկրում հասարակության կողմից չի քննարկվել: Անցած տարիների օրինակով մենք տեսել ենք, թե ինչպես կարող են չքննարկված փաստաթղթերի տակ մեր ժողովրդի անունից ստորագրություններ դրվել, ինչպես, օրինակ, արվեց ԱՊՀ ազատ առեւտրի համաձայնագրերը կամ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս»:
Ստ. Սաֆարյանի կարծիքով՝ քաղաքական ուժերը պարտավոր են տեսակետներ հայտնել, եթե անգամ ինչ-որ բան նոր է ուրվագծվում, հասարակությանը պետք է դրա մասին տեղյակ պահել: «Ասել է թե՝ փաստաթուղթը պիտի տեսնենք ու հետո նոր կարծիք հայտնենք, հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունեցանք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Եթե քաղաքական ուժերն ուզում են հայտնվել այդ վիճակում՝ դա իրենց խնդիրն է: Ի՞նչ է՝ ուզում ենք փաստաթուղթ ստորագրվի, որ հետո դրա՞ դեմ պայքարենք, թե՞ մենք պետք է մեր դիրքորոշումներով ՀՀ իշխանություններին հասկանալի դարձնենք մեր կարծիքն ու դիրքորոշումը»,- տարակուսեց պատգամավորը:
Իսկ թե ինչո՞ւ է «Ժառանգությունը» դեմ Եվրասիական միությանը ՀՀ հնարավոր անդամակցությանը՝ Ստ. Սաֆարյանն այսպես բացատրեց. «Հայաստանի ապագան ժողովրդավարական երկրների ընտանիքում է, իսկ Եվրասիական միությունը բաղկացած է լինելու այնպիսի պետություններից, որոնք ժողովրդավարությամբ, մեղմ ասած, չեն փայլում: Երկրորդ՝ Եվրասիական միությունը, ինչպես արդարացիորեն նշվում է արեւմտյան եւ տեղական փորձագետների կողմից, իր ուրվագծվող կառուցվածքով ու կանոններով հակասություններ է ստեղծելու ԵՄ-ի հետ հարաբերությունների եւ նրա հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրելու առումով: Քանի որ Հայաստանի փրկությունը եվրոպական չափանիշներն են, եւ Հայաստանն ինքը եվրոպական քաղաքակրթության մաս է կազում, մեր կարծիքով, հետեւաբար՝ պետք չի մտնել մի կառույցի մեջ, որին անդամակցելը հարցականի տակ է դնելու կամ սահմանափակելու է մեր հնարավորությունները եվրաինտեգրման ուղղությամբ:
Չմոռանանք, որ Եվրասիական միությունը աշխարհաքաղաքական կոնցեպցիա է, Պուտինի տեսանկյունից էլ Ռուսաստանը՝ եվրասիական պետություն: Պուտինյան Ռուսաստանի արտաքին քաղաքական եւ ռազմական կոնցեպցիաներն ուղղված են ՌԴ ավանդական ազդեցության գոտիները կախվածության մեջ պահելուն, ու նույնիսկ այդ միության անվանումն արդեն ամեն ինչի մասին ասում է: Հետեւաբար՝ դա Հայաստանի համար լավագույն տեղն ու ինտեգրացիայի լավագույն ձեւը չի»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930