Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը չորս պորտֆել է առաջարկել

Նոյեմբեր 29,2011 12:50

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է՝ կուրսի փոփոխություն է հարկավոր:

 – Ինչո՞վ եք բացատրում, որ ՀԱԿ առաջնորդը միավորման, համագործակցության, միասին աշխատելու մասին առաջարկները կամ մեսիջները ուղղում է ոչ թե հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, այլ իշխող կոալիցիայի մաս ԲՀԿ-ին, այդուհանդերձ՝ ԲՀԿ-ն դեռ կամ այս պահին իշխանական քաղաքական ուժ է, ուրեմն ինչո՞վ եք բացատրում, որ ՀԱԿ-ի ռեւերանսն ուղղված է իշխանական ուժին եւ ոչ թե Դաշնակցությանը, «Ժառանգությանը» կամ «Ազատ դեմոկրատներին»:

– Ես տրամաբանությունը շատ հստակ հասկանում եմ, տրամաբանությունը հետեւյալն է եւ ելակետն էլ սա է՝ ՀԱԿ-ը կամ նրա առաջնորդը շատ լավ հասկացել են, որ ընդդիմադիր դաշտում իսկապես անհրաժեշտություն կա համախմբման, եւ ինքը միայնակ չի կարող տնօրինել ընդդիմադիր ողջ զանգվածը, եւ, ուրեմն, իրենից անկախ (ես հասկանում եմ, որ ինքը քաղաքական գործիչ է եւ հասկանում է) այդ գործընթացը լինելու է, եւ ավելի լավ է՝ ինքը մասնակցի այդ գործընթացին, քան մի կողմ քաշվի, քննադատի եւ չընդունի այն իրողությունը, որն այսօր գոյություն ունի: Բնականաբար, չի կարելի որեւէ քաղաքական ուժի՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ինքը ճշգրիտ քո հարթության վրա է, քո գաղափարների կրող է, թե ոչ, դիտել որպես այս երկրի թշնամի: Դրանով դու ուղղակի խափանում ես հասարակության միավորման հնարավորությունը: Ես կարծում եմ՝ ինքը սկսել է իր մոտեցումներում այդ շտկումները կատարել, որը ողջունելի է:

– Դուք ասացիք, թե ԲՀԿ-ն փորձում է ինքնուրույն քայլեր անել եւ ինքնուրույն գործընթաց ծավալել, այդուհանդերձ, ուզեք թե չուզեք, ԲՀԿ-ն այսօր իշխանության մաս է, իշխող քաղաքական կոալիցիայի մաս է, ուրեմն որքանո՞վ է ճիշտ լինել իշխանության մաս եւ գործել ինքնուրույն: Երբ Դաշնակցությունն էր կոալիցիայի անդամ եւ չկիսեց իշխանության քաղաքականությունը, դուրս եկավ կոալիցիայից, հիմա ԲՀԿ-ի պարագայում, եթե ընդունենք Ձեր ասածը, թե ինքնուրույն է գործում, որքանո՞վ է դա քաղաքականապես ազնիվ:

– Մեր օրինակը ցույց է տալիս, որ, լինելով իշխանության մեջ, կարելի է պահպանել այն սահմանները, որտեղ դու կոշտ անհամաձայնություն չունես, մենք չզիջեցինք մեր ինքնուրույնությունն ամբողջությամբ, զիջել ենք որոշ բաներ, որ եթե լիներ մեզնով, հաստատ չէինք զիջի: Մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ իշխանության մեջ լինելով՝ կարելի է ինքնուրույնության որոշակի աստիճան պահպանել եւ օգտակար գործ անել այս երկրի համար:

– Դուք վերջնականապես չեք մերժում, չէ՞, այն հեռանկարը, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կրկին ՀՀԿ-ն եւ մյուսները մեծամասնություն կլինեն եւ ձեզ կհրավիրեն կոալիցիայի մաս դառնալ, կընդունեք:

– Ոչ, մենք դառը փորձ ունենք, չէ՞, մենք մտել ենք նույն այդ կոալիցիան կոնկրետ խնդիրներ լուծելու համար, մի մասը հաջողել ենք, մի մասը՝ ոչ, բայց հստակ ասել ենք՝ եթե չլինի կուրսի փոփոխություն, եթե այն չհամընկնի մերի հետ, չենք մտնի: Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին չորս պորտֆել է առաջարկել Դաշնակցությանը, չենք ընդունել:

Զրույցը վարեց Մ. ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930