Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ԲՀԿ-ին առաջարկ չի՞ արել

Նոյեմբեր 29,2011 12:47

Ըստ մեր զրուցակիցների՝ ՀԱԿ-ը փորձում է այլ ընդդիմադիր ուժերի հետ սառը հարաբերություններ պահել դաշտն իրենով անելու նպատակով:

ՀԱԿ վերջին հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը կրկին հանդես եկավ հերթական հայտարարություններով, որոնք հերթական անգամ քննարկվում են քաղաքական դաշտում: Սակայն այս անգամ բավականին զարմանալիորեն ՀԱԿ առաջնորդը խոսեց ոչ թե քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր ուժերի հետ հավանական համագործակցության, այլ իշխանության մաս կազմող ուժերից մեկի՝ իշխող կոալիցիայի անդամ ԲՀԿ-ի հետ հավանական համագործակցությունների մասին, թեպետ շեշտեց նաեւ, թե իր խոսքերը չպետք է մեկնաբանել որպես համագործակցության առաջարկ, այլ որպես քաղաքական վերլուծություն: Թե ուրիշ ինչ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ արդեն ներկայացրել ենք, իսկ երեկ զրուցեցինք խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե իրենք ինչպես են ընկալել եւ ինչպես են մեկնաբանում ՀԱԿ առաջնորդի որոշ հայտարարություններ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանին» հրավեր ուղարկելը ՀԱԿ-ի կողմից պետք է դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ. «Ես կարծում եմ՝ սա ոչ թե իր հետեւանքները կունենա, այլ փոփոխական, «էստի համեցեքի» ծրագրեր կիրականացնի: Նորմալ եմ սա համարում, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր ռազմավարությունը»: Ի պատասխան մեր հարցի՝ արդյոք ավելի նորմալ չէ՞, երբ մի ընդդիմադիր ուժ համագործակցության առաջարկ է անում մեկ այլ ընդդիմադիր ուժի եւ ոչ թե իշխող կոալիցիայի անդամ, իշխանական ուժերից մեկին, պարոն Սահակյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե ՀԱԿ-ը ԲՀԿ-ին առաջարկ է արել, դա մեսիջ է՝ պարզելու հասարակական տրամադրությունը: Բնականաբար, խնդիր կա հայաստանյան քաղաքական դաշտում՝ ունենալ ընդդիմադիր ուժերի միասնություն, որը, կարծում եմ, չի լինի մինչեւ խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ քաղաքական սկզբունքներն էապես տարբեր են. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում է իշխանությունը փոխելուն, ՀՅԴ-ն մեկ այլ տրամաբանությամբ է հանդես գալիս, այլ ուժեր՝ այլ, եւ չկա տեսակետների համընկնում, եւ հետո՝ ՀԱԿ-ի ամբիցիաները մի քիչ մեծ են, եւ իր թուլանալուն համընթաց այն հանդես կգա նման հայտարարություններով եւ կներկայացնի, թե ինքը էլ ում է ուզում միանալ»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչու է ՀԱԿ-ը ԲՀԿ-ին առաջարկությունների մասին ակնարկներ անում, ասաց. «Հիշեք, թե ինչպես էր ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը արձագանքում «Բարգավաճ Հայաստանին», ընդհակառակը՝ հարձակվում էր ԲՀԿ-ի վրա, հիշեք եւ կտեսնեք՝ ԲՀԿ-ի առաջ թե՛ կոալիցիայի ներսից էին խնդիրներ դնում, թե էս ինչ ես անում, թե՛ մյուս կողմից, թե դա խաղ է: Հիմա շատ լուրջ փոփոխություններ եմ տեսնում ՀԱԿ առաջնորդի մոտեցումներում, նախ՝ բացարձակ «ավտարիտետ»՝ հեղինակություն լինելու, ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհելու մոտեցումը կարծես փոխվում է՝ եթե այսօր ինքը խոսում է ընդդիմադիր դաշտի ընդլայնման մասին: Սա արդեն մեծ առաջընթաց եմ համարում: Հուսամ՝ իրենց համար եւս հասկանալի է դարձել, որ մեկ քաղաքական ուժը, որքան էլ ինքն իրեն հզոր համարի, չի կարող լուծել առկա խնդիրները: Դրա համար ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ է մեծ «մոբիլիզացիա», բայց այդ «մոբիլիզացիան» չի կարող լինել մինչ այժմ եղած բանաձեւով՝ «ով մեզ հետ չի, մեր դեմ է»: Այս մոտեցումը կարծես փոխվել է, ավելի իրատեսական գնահատականներ եմ տեսնում»: Ապա պարոն Ռուստամյանը հարկ համարեց ասել, թե այժմ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը ասում են այն, ինչ մշտապես ասել է Դաշնակցությունը, եւ որ իրենց «Քվեն ուժ է» շարժման իմաստը հենց դա է՝ ընտրությունները իշխանությունը պահպանելու միջոցից դարձնել իշխանությունը փոխելու միջոցի:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հարցրինք՝ ինչո՞ւ, իր կարծիքով, ՀԱԿ-ը ժամանակ առ ժամանակ խոսում է իշխող ուժերից մեկի՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության հնարավորության եւ ոչ ընդդիմադիր այս կամ այն ուժի հետ համագործակցության մասին: Մեր զրուցակիցը նկատեց, որ «ՀԱԿ-ի դեպքում բնական է ստացվել, որ փորձում է սառը հարաբերություններ ստեղծել ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ մենք այդ առումով փորձ ունենք: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին արված առաջարկությանը, ապա, եթե իրենց համագործակցությունը ստացվի, եւ դա լինի քաղաքական հենքի վրա, ապա կարելի է ողջունել, բայց այդ դեպքում նաեւ ինքը իր համակիրներին պետք է բացատրի՝ իրենք պատրա՞ստ են հեռանալ իրենց նախկին կոչերից, հայտարարություններից եւ արդյոք մտահոգություն չունե՞ն, որ հասարակությունը ճիշտ չի հասկանա»: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է կարծում, թե հասարակությունը ճիշտ չի հասկանա: Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ բոլոր անցած փուլերը հայտնի են եւ հիմք են տալիս ենթադրելու. «Քանի որ ՀԱԿ-ն արդեն գործող նախագահի, իշխող ուժերի՝ կոալիցիայի հետ չակերտավոր համագործակցության մի փուլ անցել է, այսպես կոչված՝ երկխոսությունը նկատի ունեմ, երբ պարզ դարձավ, որ կողմերը միմյանց նկատմամբ փորձում են վերաբերմունք ճշտել, եւ բոլորս տեսանք, թե ինչ եղավ արդյունքում՝ իշխանությունները շահեցին, իսկ ՀԱԿ-ը տանուլ տվեց, քանի որ, կարծում եմ, պայմանավորվածությունները չիրականացան: Հիմա էլ աշխատելու կոչ է արվում ԲՀԿ-ին: Ես այնքան էլ ռեալ չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստանի» կողմից այս հրավերի ընդունումը»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930