Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զանգ չունենք»

Նոյեմբեր 29,2011 12:42

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին

Եկեղեցական կարգ կա, համաձայն որի՝ երբ որեւէ բարձրաստիճան հոգեւորական այցելում է մի բնակավայր, պետք է եկեղեցու զանգերը ղողանջեն: Մի անգամ մի եպիսկոպոս մտնում է մի գյուղ, մոտենում է եկեղեցուն՝ դեռ ոչ մի ղողանջ: Տեր հորը հարցնում է՝ ինչո՞ւ զանգերը չի խփել: Վերջինս պատասխանում է. «Գերաշնորհ տեր, դրա համար հարյուր պատճառ կա, առաջինն այն է, որ զանգ չունենք»: Այս հումորը «Առավոտի» հետ զրույցում պատմեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ ի պատասխան մեր դիտարկում-հարցերի՝ ուրբաթ օրը կայացած հանրահավաքում ՀԱԿ-ը հրապարակեց մի հռչակագիր, որտեղ ներկայացված էին Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերը: Այդ հռչակագրում նշված կետերը Սարգսյանի պաշտոնավարության ընթացքում բարձրաձայնել են շատ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ՀԱԿ-ը, որը զուգահեռաբար նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջել: Բայց հրաժարականի պահանջը որեւէ գործնական արդյունք չի տվել: Ներկայիս քաղաքական իրավիճակը ՀՀ-ում սահմանադրական ճանապարհով նախագահի պաշտոնանկության հնարավորություններ տալի՞ս է: Որքանո՞վ է կենսունակ ՀԱԿ-ի հռչակագիրը: «Այդ հռչակագրում վաղուց հայտնի մի կետ կա, որ Սերժ Սարգսյանը խայտառակ կեղծված ընտրություններով է դարձել երկրի նախագահ, այսինքն՝ յուրացրել է իշխանությունը: Դրանից դուրս մնացյալ հավելյալ հիմնավորումները որպես զարդանախշ են ընկալվում: Առաջինն այն է, որ զանգ չունենք՝ Սերժ Սարգսյանը նախագահ չէ: Իսկ եթե լրջացնենք, ապա ներկայիս խորհրդարանը, որը նույնպես չի ներկայացնում ժողովրդին եւ նույնպես կեղծված ընտրություններով ձեւավորված մարմին է, հազիվ թե այդպիսի գործընթաց սկսի: Իսկ իմպիչմենտը հենց խորհրդարանում սկսվող եւ ավարտվող գործընթաց է՝ ըստ մեր Սահմանադրության: Ուրեմն նման բան սպասել, հնարավոր չէ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չի կարծում, թե ՀԱԿ-ի հրապարակած հռչակագիրը հենց դրան է ծառայում: Ըստ նրա՝ հռչակագիրն ուղղակի հերթական անգամ հիշեցնում է ՀԱԿ-ի գործունեության ուղղությունը: Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ը պայքարի այս փուլում նման «հռչակագրային» ձեւով, Ռուբինյանը պատասխանեց. «Նախ՝ ես պայքար բավականին վաղուց չեմ տեսնում, եւ վերջին հանրահավաքները, ըստ իս, գործունեության ինչ-որ նմանակումներ են կամ ցույց տալ է, թե ինչ-որ բան արվում է: Ոչ ավելին»:

Առաջին նախագահը հանրահավաքում իր անձնական տեսակետը հրապարակեց ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին, ինչպես նաեւ օլիգարխներին ժեստ արեց՝ ասելով. «Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենը այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար»: Հետաքրքրվեցինք, թե մեր զրուցակիցը ինչպես է վերաբերվում այս ամենին: Ի պատասխան՝ ԱԺ նախկին փոխխոսնակը եւ ՀԱԿ նախկին անդամն ասաց. «Նախ՝ ես ուզում եմ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ մեղադրանքները, թե՝ ՀԱԿ-ի ներսում չկա ժողովրդավարություն, անհիմն են, որ Կոնգրեսն ամենաժողովրդավար կառույցն է. ասեմ, որ եթե կա քաղաքական մարմին եւ որոշում չի կայացրել որեւէ հարցի շուրջ, կառույցի ղեկավարը չպիտի իրեն թույլ տա հանկարծ անձնական կարծիքով ելույթ ունենալու: Բոլոր տարաձայնությունները այս կամ այն կերպ պետք է ներսում քննարկվեին, հարթվեին, եւ միասնական կարծիք ձեւավորվեր: Սա մի քիչ արտառոց երեւույթ է: Բայց մյուս կողմից էլ՝ հայտարարված տարաձայնությունների որեւէ նշույլ ես չեմ տեսնում, որովհետեւ Կոնգրեսի անդամ կուսակցությունների կամ քաղաքական գործիչ լիդերներից որեւէ մեկը կարծես չի ասել, որ համաձայն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնածի հետ»: Պարոն Ռուբինյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծություն» կոչվածն ըստ էության ուղղված է մեկ բանի՝ խորացնել ավազակապետական բուրգի ներքին հակասությունները, ի վերջո պառակտել կոալիցիան՝ Գագիկ Ծառուկյանի միջոցով: «Ենթադրվում է, որ պարոն Ծառուկյանը պետք է հրաժարվի իր բիզնեսների, ինչքան ինձ հայտնի է, մի մասի փայատեր Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելուց եւ առճակատման դուրս գա Սերժ Սարգսյանի հետ: Համենայնդեպս, փորձ է արվում Գագիկ Ծառուկյանին դրդել դրան: Շատ լավ կլինի, եթե այդպիսի բան ստացվի, որովհետեւ դա իսկապես կնշանակի ավազակապետական բուրգի պառակտում եւ թուլացում: Բայց որքանո՞վ է դա հավանական, կարծում եմ՝ ընթերցողներն իրենց եզրակացությունները կանեն»,- ասաց պարոն Ռուբինյանը:

Վերջին շրջանի պաշտոնափոխությունները, կոալիցիայի ներքին խնդիրները կստեղծե՞ն մի այնպիսի քաղաքական իրավիճակ, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի դառնան՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնական ընթացքն այսպիսին է՝ համաժողովրդական շարժման կամ ընդդիմության պայքարի ուժգնացման արդյունքում սկսվում է ներքին հակասությունների խորացում, պառակտում, եւ դրա արդյունքում իշխանությունն ի վերջո կորցնում է կառավարման լծակները եւ ստիպված է լինում հրաժարական տալ: Ընթացիկ տարվա ամբողջ ընթացքում մենք հակառակ գործընթացի ականատեսն ենք եղել՝ համաժողովրդական շարժումը կամ ընդդիմության պայքարը գնալով մարել է, հանրահավաքների ընդմիջումներն ընդլայնելով՝ եկել ենք եռամսյա գրաֆիկի. ամենակարեւոր գործոնը բացակայում է: Այս իրավիճակում ակնկալել, որ ներքին հակասությունները սրվելու են, պառակտում է գնալու՝ չի կարելի: Ընդհակառակը՝ իշխանությունը ժամանակ ունի ավազակապետությունը հանգիստ կերպով եւ վերախմբավորելու, եւ պրոֆիլակտիկ այլ քայլեր կատարելու՝ որոշ չափով անվստահելի եւ վտանգավոր մարդկանց հեռացնելու: Սա ամենեւին էլ երկիրն ավազակապետությունից ազատելու պատկեր չէ: Պայքարի բացակայությունը բերում է ավազակապետության ամրապնդմանը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930