Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չընդօրինակենք Ռուսաստանին

Նոյեմբեր 29,2011 12:39

Անցած շաբաթ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իշխանության կուսակցության հավաքի ժամանակ մի քանի թթու խոսք ասաց արեւմտյան ժողովրդավարության հասցեին՝ բացահայտորեն ակնարկելով, որ այնտեղ բոլոր ճգնաժամերի հիմքը հենց ազատական քաղաքական ռեժիմն է: Հենց այդ պատճառով են, ըստ ՌԴ վարչապետի, պարտքերի մեջ խրվել Հունաստանն եւ Պորտուգալիան, ահագնանում են խնդիրները Ֆրանսիայում, անկայունություն է Իտալիայում, էլ չասած Միացյալ Նահանգները, որտեղ երկու կուսակցություններ խորհրդարանում չեն կարողանում իրար հետ պայմանավորվել: Հետեւությունը պարզ է. Դումայի առաջիկա ընտրություններում պետք է մեծ առավելությամբ հաղթի մեկ կուսակցություն՝ «Միացյալ Ռուսաստանը», որը ոչ մեկի հետ չպիտի պայմանավորվի, այլ միայն հրամայի՝ «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»: Պուտինը գիտակցաբար շրջանցում է մի հանգամանք. վերը թվարկած «ճգնաժամ ապրող» երկրներում բնակչությունն ապրում է 5-10 անգամ ավելի բարեկեցիկ, քան «կայուն» Ռուսաստանում, եւ եթե նույնիսկ «երկրի հաջողության» միակ չափանիշը դա է, ապա ավտորիտար ռեժիմը ոչ մի առավելություն չունի ժողովրդավարության նկատմամբ: Կարճ ժամանակահատվածում ավտորիտարիզմը կարող է «պետք գալ» այն բացառիկ դեպքերում, երբ տեղի են ունենում կտրուկ, համակարգային տնտեսական փոփոխություններ: Բայց հետխորհրդային երկրներում այդ շրջանը, լավ թե վատ, անցել է 90-ական թվականներին եւ մոտ ապագայում այլեւս չի կրկնվի: Իսկ Արեւմուտքում կառավարությունները, ուզեն թե չուզեն, պիտի հաշվի նստեն իրենց ժողովուրդների կամքի հետ՝ նույնիսկ այն դեպքում, եթե (ինչպես, հավանաբար, Հունաստանում) ստիպված լինեն անցնելու միջոցների խիստ տնտեսվարմանը: Այնպես որ՝ Վլադիմիր Պուտինի եւ նրա կողմնակիցների համոզմունքը, թե իշխող նոմենկլատուրայի ջախջախիչ հաղթանակը Դումայի առաջիկա ընտրություններում օդուջրի պես անհրաժեշտ է Ռուսաստանին, ոչ այլ ինչ է, քան իշխանությունը վերարտադրելու պարզ ձգտում: Ի դեպ, պատմական հեռանկարի տեսանկյունից ամենեւին վստահ չեմ, որ ժողովրդավարական ազատությունների խիստ սահմանափակումները «կփրկեն» Ռուսաստանը, բայց դա, ի վերջո, ռուսաստանցիների գործն է:

Մենք Հայաստանում հնարավորություն ունենք ստեղծելու շատ ավելի ազատ ռեժիմ՝ ամենեւին պարտադիր չէ, որ մեկը մեկին ընդօրինակենք այն, ինչ արվում է Ռուսաստանում (ինչպես նաեւ որեւէ այլ երկրում), եւ ժողովրդավարության առումով ռազմավարական գործընկերոջից առաջ լինելն ամենեւին չի վտանգի մեր եղբայրական հարաբերությունները: Անկեղծ լինենք. մեր բնակչության մեծ մասին այդ խնդիրները չեն հուզում. մարդիկ ցանկանում են պարզապես լավ ապրել: Նրանք ձգտում են նաեւ ինչ-որ վերացական «արդարության»՝ վերացական այնքանով, որ պահանջում են ուրիշներն իրենց նկատմամբ արդար լինեն, իսկ նրանք այլոց նկատմամբ՝ ըստ հայեցողության: Բայց այդ ամենը «չեղյալ չի համարում» հետեւյալ պարզ տրամաբանական շղթան. քաղաքական իրական մրցակցությունը բերում է տնտեսական մրցակցություն (այն Հայաստանում խիստ սահմանափակ է), որն ի վերջո հանգեցնում է բարեկեցության բարձրացման: Այնպես որ՝ ժողովրդավարությունը Արեւմուտքից բերված քմահաճույք չէ՝ այն մեր երկրի դեպքում զարգացման զուտ պրագմատիկ նախապայման է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930