Դելիում դժգոհ են, որ 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի հովոնավորներից մեկը դարձել է «Dow Chemical» ընկերությունը, որը պատասխանատու է Հնդկաստանում խոշորագույն վթարի համար:
Ընկերությունը խոստացել է յոթ միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել այն կտորի համար որով պատվելու է Լոնդոնի օլիմպիական ստադիոնի վերնամասը: Մեկ միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանում դեռ չեն մոռացել 1984 թվականին այդ ընկերության քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունը, երբ աղետին զոհ դարձավ մոտ 15 հազար մարդ, տասնյակ հազարներն էլ ստացան խեղումներ:
Օլիմպիական խաղերի կազմկոմիտե ուղարկված բողոքի եւ պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջի տեքստի տակ ստորագրել են Հնդկաստանի` տարբեր ժամանակների մարզական աստղեր, գործող պաշտոնյաներ: Իսկ Մադհյա-Պրադեշ նահանգի (այս նահանգում է կատարվել ողբերգությունը) գլխավոր նախարար Շիրվայ Սինխ Չուչանը Հնդկաստանի սպորտի նախարար Աջայ Մակենին դիմել է օլիմպիական խաղերին չմասնակցելու առաջարկով: Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ Հնդկաստանի օլիմպիական կոմիտեն Լոնդոնի խաղերը բոյկոտելու հարցը քննարկելու է դեկտեմբերի 5-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ