Օրերս ձերբակալվեց, իսկ երեկ արդեն թմրանյութ պահելու մեղադրանքով կալանավորվել է «Արարատցեմենտի» ԲՀԿ-ական ղեկավարներից մեկը, դրանից առաջ կրկին թմրանյութ պահելու մեղադրանքով ձերբակալվել էր Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի պետ, ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանը, որը նաեւ թիվ 16 ընտրատարածքային հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի որդին է։
ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մխիթար Հարությունյանը պնդեց, թե իրենց մարզում՝ Կոտայքի Հրազդան քաղաքում, ԲՀԿ-ականների դեմ որեւէ ճնշում չկա, իրենք օրինապահ են։ Ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ականների դեմ արշավը՝ թմրանյութերի գործով, եւ դրա հետ կապված անհանգստություն չկա՞ ԲՀԿ-ում։ «Անհանգստություն չկա։ Դրանք իրավապահ մարմինների օրինական գործողություններ են, որոնք երբեմն դառնում են ավելի լայն քննարկման առարկա»,- պատասխանեց պատգամավորը: Մեր դիտարկմանը, որ կուսակցության անդամներին մեղադրում են կոնկրետ թմրամոլության մեջ, ԲՀԿ-ականը հայտարարեց. «Թմրամոլության մեջ չեն մեղադրում կուսակցության անդամին, թմրամոլության մեջ մեղադրում են քաղաքացուն, որը կարող է լինել նաեւ որեււէ կուսակցության անդամ»: Մի քիչ շատ չե՞ն վերջերս ԲՀԿ-ի հետ կապված նման դեպքերը։ Հարությունյանը հայտարարեց. «Ոչ։ Դեռ դատարանը պետք է ապացուցի թմրամոլության փաստը։ Ամեն դեպքում, դա ես չեմ դիտարկում որպես ԲՀԿ–ի դեմ ուղղված քայլ»: Ըստ նրա՝ կատարվածն «ուժային կառույցների կողմից հռչակված թմրամոլության դեմ պայքարի միամսյակի հետեւանք է»:
Մարինե Խառատյան
«Հրապարակ»