Կապանի միակ մարզադաշտն արդեն քանի տարի է մասնավորեցված է: Եթե նախկինում քաղաքացիներն ազատ կարողանում էին օգտվել մարզադաշտից՝ առավոտյան կամ երեկոյան մարզվելու կամ առողջ ապրելակերպի համար վազելու համար, ապա՝ ցանկացողները որեւէ խոչըդոտ չէին ունենում իրենց մարզական առօրյան այնտեղ անցկացնելու համար: Նախկին քաղաքապետի ղեկավարման ժամանակաշրջանում մասնավոր դառնալուց հետո մազադաշտի դռները մեկընդմիշտ փակվել են կապանցիների համար, ինչն առաջացրել բնակչության դժգոհությունը: Այժմ այնտեղ միայն ֆուտբոլային թիմերն ու Կապանի մարզադպրոցի ատլետիկայի սաներն են մարզվում, այն էլ՝ վճարովի սկզբունքով: Տարբեր առաջնություններում մասնակցող ու առաջադիմական արդյունքներով աչքի ընկնող մարզիկների համար մարզադաշտին վճարում է քաղաքապետարանը: «Մարզադաշտն այսօր մասնավորեցված է, մենք ունենք պայմանագիր սեփականատերերի հետ, աշխատում ենք այդ պայմանագրով, որի համաձայն տարեկան 2 միլիոն դրամ ենք վճարում եւ մեր մարզադպրոցի սաներն ըստ ժամանակացույցի եւ գրաֆիկի անցկացնում են իրենց պարապմունքները մարզադաշտում», – տեղեկացնում է Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ