Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Վաշինգտոնում հանդես են եկել ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ եւ համատեղ հայտարարությամբ, որում Բելառուսի իշխանություններին կոչ են արել «անհապաղ ազատ արձակել եւ արդարացնել քաղաքական բանտարկյալներին»:
BBC-ի փոխանցմամբ, Վաշինգտոնն ու Բրյուսելն անդրադարձել են նաեւ Կիեւում տեղի ունեցող զարգացումներին եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն «արդար, թափանցիկ եւ անկողմնակալ դատաքննության ու նաեւ իր դեմ կայացված վճռի բողոքարկման իրավունք ունի»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրախորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպեի հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնականում տնտեսական, նախեւառաջ` եվրագոտում ստեղծված ճգնաժամի հարցերը: Սակայն, գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ մի առանձին դրույթ նվիրված է «ԵՄ արեւելյան գործընկերություն» ծրագրին, որի ուղղությամբ, ինչպես ասված է փաստաթղթում, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն «համատեղ աշխատում են ժողովրդավարության պաշտպանության, սառեցված հակամարտությունները կարգավորելու եւ տնտեսական արդիականացմանը նպաստելու համար»: