Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի քաղաքացին ջարդել է Սերժ Սարգսյանի նկարը

Նոյեմբեր 29,2011 11:08

Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեւալեն երեկ երեկոյան ձերբակալվել է Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան 94-րդ ավագ դպրոցի պատին փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը ջարդելու մեղադրանքով։ Ըստ դպրոցի աշխատակիցների, նա դիտավորությամբ ձեռքով հարվածել է Սերժ Սարգսյանի լուսանկարին եւ ջարդել շրջանակի ապակին։ Վանդեւալեն եւ ՀՀ քաղաքացի նրա կինը բերման են ենթարկվել իրենց բնակարանից, կինը, ում ներկայությամբ տեղի է ունեցել միջադեպը, ստորագրությամբ ազատ է արձակվել՝ անչափահաս երեխաներ ունենալու պատճառաբանությամբ։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով։ Սա վերաբերում է խուլիգանությանը, եւ պատիժ է սահմանվում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատագրկմամբ ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։

Վանդեւալեի կինը՝ Գայանե Վարդանյանը, մեր թղթակցին հայտնել է, որ այս ամբողջ պատմությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ իրենց տեղյակ են պահել, որ դպրոցի աշակերտները պետք է 3 հազարական դրամ հավաքեն՝ ջեռուցման խնդիրները լուծելու համար (նրանց աղջիկը սովորում է նշված դպրոցում), եւ ամուսինները որոշել են դպրոց գնալ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու, որտեղ էլ վիճաբանություն է սկսվել։ Տնօրեն Սուսաննա Վարդանյանն էլ նշում է, որ կաթսայատանը խափանումներ են եղել, եւ ծնողներն իրենց օգնությունն են աոաջարկել՝ այդ խնդիրը լուծելու համար ու դիմել մյուս ծնողներին։ Միաժամանակ նա պնդում է, թե պարտադիր դրամահավաք դպրոցում չի կազմակերպվում։ Տնօրենի խոսքով, միջադեպի պահին ինքը դպրոցում չի եղել, բայց երբ հեռախոսով իմացել է կատարվածի մասին, հրահանգել է ոստիկանություն զանգահարել։ Նա պնդում է, որ բելգիացին եւ իր հայ կինը դասասենյակից դասասենյակ են մտել, հայհոյախոսել ու տարբեր կոչեր արել։ Սուսաննա Վարդանյանի համոզմամբ, Բելգիայի քաղաքացին միտումնավոր է բռունցքով խփել Սերժ Սարգսյանի նկարին։ Իսկ Վանդեւալեի կինը պնդում է, որ դպրոցի տղամարդ աշխատակիցներից մեկը փորձել է մոտենալ ու խփել իր ամուսնուն, վերջինս, հետ քաշվելով, ձեռքը խփել է նկարին։ Նա նաեւ հերքեց, թե դպրոցում հայհոյանքներ են հնչել։ Ամեն դեպքում, Բելգիայի քաղաքացին ձերբակալված է եւ ներկայում գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրում:

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930