Միացյալ Նահանգներն ու Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել Սիրիայի դեմ վճռական գործողություններ ձեռնարկել: BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտարարել է, թե եկել է այդպիսի գործողությունների ժամանակը:
Արեւմտյան երկրների դիվանագետների հայտարարությունները հաջորդել են Արաբական լիգայի պետությունների կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ու ՄԱԿ-ի զեկույցի հրապարակմանը, որտեղ հաղորդումներ կան այդ երկրում հակակառավարական ցույցերը ճնշելու ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին:
Ավելի վաղ` երկուշաբթի օրը, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Սիրիային կոչ էին արել անհապաղ դադարեցնել բռնություններն ու պայմաններ ստեղծել իշխանությունը խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով փոխանցելու համար: