Այսօր առավոտյան տեղեկացրել էինք EMPORIUM ամսագրի տարածած հաղորդագրության մասին, որում նշված էր ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական 99 կայքերի մասին: Ավելի ուշ մեր կայքում տեղադրել էինք նաեւ ադրբեջանցիների «ջարդած» հայկական կայքերի ոչ ամբողջական ցանկը: PcNews.am-ի փոխանցմամբ, «ԷյԲիՍի» Դոմեն ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերի 27-28-ի ընթացքում ադրբեջանական հաքերական խմբի կողմից ադրբեջանական IP հասցեներից հարձակում է իրականացվել իրենց հոսթինգ կայաններից մեկի վրա, որը տեւել է 13 ժամ: Ընկերության տնօրենը բացառել է այն շրջանառվող վարկածը, որ սերվերը կոտրվել է ամբողջությամբ, քանի որ փոխվել են միայն մոտ 50 կայքերի առաջին էջերը(deface), ինչը կազմում է տվյալ սերվերում կայանված կայքերի ընդամենը 10%-ը: Ընկերության տնօրենը հերքեց նաեւ շրջանառվող այն լուրը, որ կոտրվել են ընկերությանը պատկանող ns3.host.am եւ ns6.host.am nameserver-ները:Սերվերների աշխատանքը չի ընդհատվել եւ ոչ մի պահի:
Հաքերների կողմից կայքերի նկատմամբ հասանելիությունը ձեռք է բերվել հետեւյալ կերպ. կիրառելով “brute force” մեթոդը եւ ստանալով մուտքի հնարավորություն առանձին կայքերի ղեկավարման վահանակներին՝ փոխվել են կայքերի “index” պրեֆիքսով ֆայլերի պարունակությունները:
Ընկերության մասնագետների կողմից կոտրված կայքերը հայտնաբերվելուց երեք ժամ անց բոլոր կայքերը բերվել են իրենց նախնական տեսքին: