Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական դերասանը դերասանություն չի կարող անել». Հրաչյա Ներսիսյան

Նոյեմբեր 28,2011 23:10


Այսօր մենք ժամադրություն կազմակերպեցինք 25-ամյա դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ Հրաչյան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և մասնագիտությամբ կինեզիոլոգ է, սակայն ճակատագրական անունը այլ ճանապարհ բացեց նրա համար:

Փոքր տարիքից բոլորս երազում ենք ինչոր մասնագիտության տեր դառնալ, քո մանկական երազանքն է՞ր դերասան դառնալը:  

– Չէ, դերասան դառնալս կարելի է ասել եղավ շատ պատահական: Միշտ տարբեր բնագավառներում փորձել եմ ինձ գտնել: Բայց ամեն տեղ էլ, երբ ասել եմ անուն ազգանունս` Հրաչյա Ներսիսյան, միշտ հարցրել են կապ ունե՞մ դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ, կամ ինձ երբևէ  փորձե՞լ եմ պատկերացնել դերասան… Եվ նման արձագանքներից իմ մեջ էլ սկսեց կամաց-կամաց հասունանալ այն միտքը, որ հնարավոր է տեղս իսկապես բեմում է:

Փաստորեն անուն ազգանունդ կյանքումդ որոշակի դեր խաղացել է՞:

– Կարծում եմ, այո, անգամ մի պատմություն կարող եմ պատմել: Երբ 12 տարեկան էի , թատրոնում պատահաբար հանդիպեցի մեծ դերասան Խորեն Բաբկենիչին, երբ մեզ ծանոթացրեցին ու ինձ ներկայացրեցին, նա շրջվեց, նայեց ինձ, գլուխս շոյեց ու ասաց. «Կարողանալո՞ւ ես անունդ պահել…» , ասացի. «Կփորձեմ»: Ու հիմա փորձում եմ…

Առաջին քայլերիդ մասին կպատմե՞ս:

-Թատրոն մուտք եմ գործել մի շատ փոքրիկ դերով: Միշտ շատ եմ  սիրել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը և ընկերս այնտեղ էր խաղում,  մի անգամ խոսում էինք, որ մեծ սիրով ինչ-որ դեր կխաղայի, նա էլ միջնորդեց, որ հայտնվեմ թատրոնում և փոխարինեմ մի կերպարի, որի դերակատարը զբաղված էր և այլևս թատրոնում չէր աշխատում: Դե ես էլ որոշեցի փորձել: Հայտնվեցի թատրոնում, փորձեցի և մնացի:

Չնայած փոքրիկ դերով, բայց  առաջին անգամ բեմ բարձրացար, ի՞նչ զգացիր:

-Վայ, զգացմունքներս խառնվել էին իրար… երջանկություն, ուրախություն, վախ… հանդիսատեսի շունչը. չէ՞ որ վերջիվերջո դերասանին ոչինչ պետք չէ, բացի հանդիսատեսի արձագանքից, իսկ ինչ վերաբերում է դերին, այն չեմ կարող ասել, բայց ինձ համար ուրիշ էր ու հետագայում ինչ էլ խաղամ ինձ համար միևնույն է ամենամեծը կլինի դա:

Ինքդ լինելով թատրոնի դերասան` երբևէ մտածել ես կինոյում նկարահանվելու մասին կամ նման առաջարկություն ստացե՞լ ես:

-Առաջարկություն ստացել եմ և նկարվել եմ, փոքրիկ դրվագներով թե՛ ֆիլմում թե՛ սերիալում: Բայց եթե անկեղծ լինեմ ու նաև հիշեմ Մ.Մկրտչյանի խոսքերը, որ. «Թատրոնը կինդ է, կինոն` սիրուհիդ, ինչ էլ լինի վերջում մեկ  է,  տուն ես գնալու…», կասեմ, որ ճիշտ է, կինոն շատ սիրում  ու հարգում եմ, բայց ինձ ավելի հոգեհարազատ է թատրոնը:

Շատ դերասաններ ասում են, որ կա «դերի մեջ մտնել» հասկացողությունը, իսկ քեզ մոտ ի՞նչպես է, դու մտնում ես դերի մեջ, թե դերն ես վերագրում քեզ, նմանացնում ինչ-որ տեղ:

Միշտ էլ ինչ-որ բանով կերպարդ նմանեցնում ես քեզ, բայց չես կարող խաղալ կերպար, որը լրիվ դու ես: Ասեմ, որ դա դերասանին ավելի շատ կխանգարի: Կերպարի մեջ մտնելը պրոցես է, որ անկախ քեզանից բեմում դառնում ես ուրիշ մարդ: Այստեղ գոյություն ունի տեխնիկա և վերապրում: Ինձ ավելի հոգեհարազատ է վերապրումով մոտենալ դերին:

 

Կան դերասաններ, որ ասում ենեթե լինես լավ դերասան բեմում, կյանքում այդպիսին չես կարող լինել, քեզ մոտ ի՞նչպես է, կարող ես կյանքում էլ դերասան լինե՞լ:

-Ես չեմ կարողանում կյանքում խաղալ…. միայն բեմում, կարող է նայեն, ասեն` դերասան է , ինչ-որ ժեստից կամ խոսելու ձևից, բայց կյանքում դերասան չեմ:

Դերասան լինել ու դերասանություն անել, ըստ քեզ տարբերությունը ո՞րն է:

-Դերասանություն բոլորն էլ կարող են անել, թեկուզ իրենց շահի համար: Ասում են` դերասան չեն դառնում, դերասան ծնվում են, և կարծում եմ` իսկական դերասանը դերասանություն չի կարող անել, իսկ դերասան լինելը դա արդեն դերասանության հետ կապ չունի, քանի որ ամեն մեկը չի, որ դերասան է ծնվում:

Եղե՞լ են կամ կա՞ն դերեր, որոնցից սկզբունքորեն կհրաժարվես:

-Ոչ նման բան չի եղել, և հետո էլ կարծում եմ` դերասանի համար չկա որևէ անհնար դեր:

Շատ դերասաններ երազում են խաղալ «Համլետ», իսկ քո երազած դերն  ո՞րն է:

-Ես կտարբերվեմ շատերից… դեռ դպրոցական տարիքից շատ եմ սիրել ու բազմիցս կարդացել եմ «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Շատ կցանկանայի խաղալ Ռոմեո, չնայած կամաց-կամաց տարիքս անցնում է Ռոմեոյի տարիքից: Հիմա բավարավում եմ ինձ վստահած դերերով:
Աննա Փորսուղյան      

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930