Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանն անուղղակիորեն հակադարձեց ՀԱԿ ներկայացուցչի մեղադրանքին

Նոյեմբեր 28,2011 21:32

Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, «Ազատություն» ռ/կ-ի  «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հակադարձող հարցին, թե՝ Հայ ազգային կոնգրեսն էլ լքողներ եղան, այդ թվում՝ նախընտրական շտաբի անդամներ ու ղեկավարներ, ուրեմն ի՞նչ է՝ վիճակը ՀԱԿ-ում այդպես վա՞տ է, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց. «Գնացած մարդիկ ունեցել են  շատ  լուրջ բիզնեսներ եւ կապված են եղել իշխանությունների հետ: Ենթադրում եմ, որ հենց բիզնեսի առկայությունն էր հարկադրել մարդկանց՝ այդ երկու-երեք հոգուն, դուրս գալ ՀԱԿ-ից: Վերջին դեպքը ցույց տվեց, որ այն ժամանակ, երբ նախագահականից հրահանգ տրվեց  փակել սրճարանները եւ թույլ չտալ մարդկանց օգտվել սրճարաններից, նաեւ այդ դուրս եկածներից մեկին պատկանող սրճարանը նույնպես փակ էր եւ չէր աշխատում հենց այն 8 օրվա ընթացքում, երբ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացվում: Այսինքն՝ էդ մարդիկ դեռ էն գլխից համագործակցում էին իշխանությունների հետ»:

Ակնհայտ էր, որ Վլադիմիր Կարապետյանի ակնարկը կոնկրետ դեպքում վերաբերում էր մասնավորապես ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն լքած Արարատ Զուրաբյանին, որը Ազատության հրապարակին հարող տարածքում սրճարան ունի:

«Առավոտի» հետ զրույցում Արարատ Զուրաբյանը հարկ չհամարեց բացատրություններ տալ ՀԱԿ ներկայացուցչի մեղադրանքներին, բայց մեր հարցին ի պատասխան հայտարարեց՝ եթե կոնգրեսականները երես ու համարձակություն ունենային մոտենալ սրճարանին կամ ներս մտնել՝ կտեսնեին, որ այն ներսի կողմից ամբողջությամբ քանդված է, եւ այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:

Նույն կուսակցությունում նաեւ նկատեցին, որ ակնարկված այդ «լուրջ բիզնեսները» կուսակցության առանձին ներկայացուցիչներն ունեցել են դեռ ՀԱԿ-ի ձեւավորումից շատ առաջ, նաեւ՝  2008թ. նախագահական ընտրությունների շրջանում ու հետո, բայց Կոնգրեսին այն ժամանակ դա արտառոց չէր թվում, ավելին՝ նրանք օգտվում էին այդ «լուրջ բիզնեսներից»: Իսկ ընդհանրապես «Ազատ դեմոկրատները» հակված է ՀԱԿ-ի մասին ասել կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, ինչպես դա ընդունված է անել շատ որոշակի դեպքերում (մեռածի մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ):

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930