Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ՀԱԿ առաջնորդի առաջին հաճոյախոսությունը չէր ԲՀԿ հասցեին

Նոյեմբեր 28,2011 22:16

Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի հայտնությունը դարձավ ոչ թե իրավաքաղաքական հիմքերի մասին այն հռչակագիրը, որը ՀԱԿ-ը ներկայացրեց՝ հիմնավորելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը, այլ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցության, նրա քաղաքական նախկին ու գուցե նաեւ ապագա հենարանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները»:

Այս հայտարարությունը, կարելի է ասել, թեթեւ ցնցակաթված առաջացրեց անգամ ՀԱԿ-ի համակիրների շարքերում, որոնք շտապեցին հերքել անհերքելին, թե արվել է համագործակցության առաջարկ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկ առ փաստարկ հիշեցրեց ԲՀԿ-ի պատասխանատվության մասին. «Դժվար է պատկերացնել, որ կարելի է ավազակապետության հենասյան հետ քանդել ավազակապետությունը: Սա իրոք մերժելի մոտեցում է: Խոսքը մի կուսակցության մասին է,  որն ակտիվորեն մասնակցել է բոլոր ընտրակեղծիքներին՝ 2008 թվականի: Չի խորշել որեւէ ապօրինությունից՝ ընդհուպ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներին, վստահված անձանց ծեծի ենթարկելը: Հատուկ դրության հաստատմանը միաձայն քվեարկել է, քվեարկել է նաեւ իրենց գործընկերներին կալանքի ենթարկելու համար: Դրանից հետո երեք տարի շարունակ ամենաակտիվ կերպով պայքարել է ԵԽԽՎ-ում, որպեսզի որեւէ բանաձեւ, որը կներկայացնի Հայաստանի իրականությունը՝ չընդունվի: Հերքել է քաղբանտարկյալների առկայությունը եւ կարծում եմ՝ ոչ միայն իմ, այլ մի շարք քաղբանտարկյալների համար վիրավորական է նույնիսկ, որ այսօր նրանց հետ կարելի է ճանապարհ բռնել»:

Ինքս այլ լրագրողների հետ միասին ականատես եմ եղել, թե այդ նախկին քաղբանտարկյալներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը բանտարկությունից հետո խորհրդարան վերադառնալով՝ ինչպես ջերմորեն ողջագուրվեց Գագիկ Ծառուկյանի հետ, ինչը բավական տարօրինակ թվաց, քանզի հենց նույն ժամանակ էր Փաստահավաք խմբում ՀԱԿ-ի ներկայացուցիչը շրջանառության մեջ դրել մի ցուցակ, ըստ որի՝ մարտի 1-ին մի շարք պաշտոնյաների եւ օլիգարխների, այդ թվում նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի խմբերը հանդերձանք էին ստացել ՊՆ-ից եւ մասնակցել ցուցարարներին գնդակահարելու գործընթացին:

Այնպես որ՝ դժվար թե բոլոր նախկին քաղբանտարկյալներն այժմ վիրավորված լինեն:

Բայց խոսքն այդ մասին չէ: Անկեղծորեն՝ չեմ հասկանում, թե ինչու պիտի որեւէ մեկի համար նորություն լինեին Լեւոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հայտարարությունները: Դրանցում նորություն կար այնքան, ինչքան կար իրավաքաղաքական հիմքերի մասին այդ հռչակագրում: Գագիկ Ծառուկյանի հասցեին այս հաճոյախոսությունն առաջինը չէր: Նկատի ունեմ՝ առաջինը չէր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից. ի տարբերություն ՀԱԿ-ի այլ գործիչների, որոնք երբեք որակումներ չեն խնայել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հասցեին, Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ ԲՀԿ առաջնորդին առանձնացրել է այլ «հենասյուն» օլիգարխներից:

Եվ խոսքը միայն մեկ ամիս առաջ հնչած հաճոյախոսության մասին չէ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց. «ԲՀԿ-ն շատ ավելի բնական կուսակցություն է, գտնվեց մի լիդեր, որն իր տնտեսական կարողություններով կարողացավ որոշակի բաների հասնել: Իր համակիրների բանակը ստեղծեց, որը հայաստանածին է:  Չի կարելի հաշվի չնստել այս ուժի հետ»:

Ուզում եմ հիշեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ հայտարարություն, որն արվել է նախագահի ընտրության քարոզարշավի ընթացքում, երբ նա այցելել էր Կոտայքի մարզ ու հեռակա դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց, թե նա  «դուրս չի եկել ժողովրդի դեմ եւ բարոյականություն ունի», եւ հորդորեց. «Ահա քո ժողովուրդը: Այսօր դու ընտրելու ես՝ դու կամ կանգնելու ես քո ժողովրդի կողքին, կամ հավերժ դատապարտված ես լինելու՝ լինել ստրուկ, արժանանալ այս ժողովրդի քամահրանքին: Դու ունես հնարավորություն հպարտ քայլելու այս քաղաքով եւ ունես հնարավորություն փողոց դուրս չգալու: Ընտրիր քո իրավունքը»:

Նկատենք, որ մինչ այժմ Գագիկ Ծառուկյանը գոնե հրապարակավ անարձագանք է թողել Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հորդորները: Թեեւ սխալվում ենք՝ նա այդ հորդորից հետո հստակ կատարել է իր ընտրությունը: Իսկ ՀԱԿ առաջնորդը դեռ շարունակում է անպտուղ փորձերը, որոնց անթաքույց նպատակը բացահայտեց ՀԱԿ գործիչներից մեկը՝ «ռեժիմի դաշնակիցներից մեկին ռեժիմից պոկելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930