Այսօր առաջին անգամ ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա.Հեֆերնը: Նա նախևառաջ ծաղկեպսակ դրեց Ֆրիդ Սողոյանի հեղինակած՝ երկրաշարժի զոհերի հուշաքանդակին, այնուհետեւ եղավ Գյումրու տեխնիկական գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում: Aravot.am-ի հետ զրույցում, կիսելով իր տպավորությունները, դեսպանն ասաց, որ թեև ինքը նոր մարդ է Հայաստանում, սակայն կարծում է, որ գյումրեցիները ուժեղ ու հնարամիտ ժողովուրդ են. սարսափելի երկրաշարժից 23 տարի հետո կարողացել են վերագտնել իրենց: Դեսպանը միաժամանակ ակնարկեց, որ այս քաղաքում դեռ շատ անելիքներ կան, որովհետև շատ են մարտահրավերները: Նա նաև նշեց, որ հանդիպել է մի շարք բժշկական, սոցիալական ուղղվածություն ունեցող հ/կ-ների ներկայացուցիչներ հետ ու եկել այն համոզման, որ գյումրեցիների գերխնդիրը աշխատեղեր չունենալն է: Ի դեպ, դեսպանը աշխատեղ բառն արտասանեց հայերեն` այսպիսով ավելի ընդգծելով դրա կարևորությունը : Անդրադառնալով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակին` դեսպանն ասաց. «Հայաստանը ցամաքային երկիր է, որի սահմանները երկու հարևան երկրների հետ փակ են, մենք աշխատում ենք սահմանների բացման ուղղությամբ աշխատանքեր իրականացնել: Սակայն նաև նկատել եմ, որ Հայաստանում որոշ ճյուղեր բավականին զարգացում են ապրել, այդպիսի ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը, այստեղ կա ներուժ և տաղանդաշատ մարդիկ, այնպես որ Հայաստանը կարող է իր առաջընթացը ունենալ»: Դիվանագետը նաև շեշտեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը իր աշխատանքային կարևորագույն խնդիրներից մեկն է, և հույս հայտնեց, որ մի օր կգա Գյումրի ու այստեղից գնացքով կուղևորվի Ղարս: Ի դեպ, դեսպանը նաև տեղեկացրեց, որ իր կնոջ հետ միասին սովորում է հայերեն, պարապմունքները սկսվում են ամեն առավոտ, և խոստացավ հաջորդ անգամ Գյումրի գալուց ավելի վարժ խոսել մեր լեզվով: Նկատենք, որ նա ընդամենը վեց շաբաթ է Հայաստանում: