

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Միխայիլի Գունդյաև) պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը պետական պարգևը հանձնել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին:
Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ իր համար մեծագույն հաճույք է այցելել քրիստոնեության հնագույն օրրան՝ Հայաստան, որտեղ առաջին անգամ չէ հյուրընկալվում: Նա պատահական չի համարել այսօր մեկնարկած խաղաղասիրական հանդիպման անցկացումը Հայաստանում, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի համահիմնադիրներից մեկը, ով ակտիվ մասնակցություն է ցուցաբերում բանակցություններին, ինչպես նաև նկատի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի կյանքում:
Կարդացեք նաև
Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի անցկացմանն աջակցության համար և մաղթել Աստծո օրհնությունը աշխատասեր հայ ժողովրդին, բարգավաճում՝ Հայաստանին և հաջողություններ Հանրապետության ղեկավարին՝ իր կարևոր և պատասխանատու աշխատանքում: