Այսօր` նոյեմբերի 28-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին ու հայտնել, որ Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում` կիսակառույց մի շինության մեջ, կա տղամարդու դիակ:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում` կիսակառույց շինության մեջ, մահճակալի վրա, հայտնաբերվել է մի տղամարդ` մահացած վիճակում: Կիսակառույցում ամբողջովին տիրում էր հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա չկան բռնության հետքեր:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արման Միրզախանյանն էր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ դիակի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ, որոնք քննիչի կողմից առգրավվել են:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի