ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստամյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «ԲՀԿ–ն՝ լինելով կոալիցիայի մեջ, ինքնուրույնություն է դրսեւորում, եւ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ինքնուրույնությունը կանխվի, որովհետեւ, շատ ակնհայտ է, որ դոմինանտ ուժը կոալիցիայում՝ Հանրապետականը, փորձում է այնպես անել, որպեսզի կոալիցիայի մեջ գտնվող կուսակցությունները բոլորը մեկ ցանկով մասնակցեն ԱԺ ընտրություններին: Դա բխում է Հանրապետականների շահերից որովհետեւ տարբեր զանազան խավեր, որ կարող են ջլատել իշխանական ռեսուրսը, շատ ավելի վտանգավոր են թվում իշխանություններին, քան տարբեր գործընթացները, որ կարող են ժողովրդավարական բնույթ ունենալ: Ուրեմն, իշխանությունների թիվ մեկ խնդիրն իրենց վերարտադրվելն է եւ այդ վերարտադրման հիմնական ռեսուրսը վարչահրամայական եւ ֆինանսական լծակներն են: Եվ երբ այդ դաշտում առաջանում են խլրտումներ, դա մեծ տագնապ է առաջացնում իշխանությունների մեջ: Մենք ասել ենք, որ այս պաշտոնանկությունները, հրաժարականները, այդ նպատակն են հետապնդում՝ ամրապնդել այդ ռեսուրսը, վերարտադրումը, ավելի հեզասահ դարձնել: Այս ճանապարհին ԲՀԿ-ն փորձում է ինքնուրույնություն դրսեւորել: Մեկ անգամ դա կանխեցին, փորձելով հայտնի փետրվարյան հռչակագիրը ստորագրել, որը, պարզվեց, բոլորովին երաշխիք չի հանդիսանում եւ չի բավարարում: Օրինակ, ինձ համար հասկանալի չի՝ ի՞նչ ասված չի այդ փետրվարյան հռչակագրում, որ հիմա պետք է նոր բան ասի եւ, ի՞նչ երդում պիտի տան, կոալիցիայի մեջ եղող քաղաքական ուժերը՝ որ հավիտյանս-հավիտենից պաշտպանելու են գործող առաջատար քաղաքական ուժին եւ գործող նախագահին»:
Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»