Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգերները Երեւանի քաղաքաշինական խնդիրների մասին

Նոյեմբեր 28,2011 17:28

«Ինձ շատ, շատ է զայրացնում Երեւանը: Ավելի ստույգ՝ ոչ թե ինքը, այլ թե ինչի են այն վերածում,- գրում է բլոգեր «yozhezavrik»-ը- Ինձ չեն ուրախացնում փողոցները, ինձ կատաղեցնում է ամեն նոր անճոռնի նորակառույցը՝ կառուցված քաղաքի կենտրոնի ինչ-որ բակում, այնտեղ, որտեղ ժամանակին ինչ որ մեկի թթի ծառն էր: Ինձ կատաղեցնում է, որ իմ քաղաքը դադարում է լինել իմն ամեն օր, որ այստեղ իմ մարդիկ ամեն օր ավելի են քչանում, որ իմ վայրերից գրեթե բան չի մնացել, որ երբեմն ինձ բռնեցնում եմ, թե այլեւս ոչ թե իրեն եմ սիրում, այլ իր մասին հիշողությունը կարծես: Ինձ կատաղեցնում են գարշելիները, որոնք այս ամենը չեն հասկանում, որոնք այսօր իմ քաղաքը վերածում են մի բանի, որից վաղը փախչելու ես: Ինձ կատաղեցնում են ստահակները, որոնք հասել են իշխանության եւ այսքան չեն սիրում սեփական քաղաքը: Կարելի՞ է այսպես: Ո՞վ է ձեզ ընդհանրապես իրավունք տվել նստել այդտեղ ու որոշել, թե որ շենքը վաղը չի լինելու եւ որ պատուհանից Արարատի փոխարեն կերեւա ինչ որ մեկի պարանին կախած լվացքը»:

Բլոգեր Noni_no’s-ն գրում է.  «Կինո Մոսկվայի ամառային դահլիճի տեղն առաջարկում էին եկեղեցի սարքել, ես էլ էդքան էլ կողմ չէի: Արդեն հոգնել եմ դրա մասին գրելուց, ոնց որ երևի մեկ էլ Շուռն է հոգնել կրկնելուց, որ անձամբ ինքը եկեղեցուն դեմ չէր:

Չեմ ուզում նորից հիշել ինչ էր կատարվում էդ ժամանակ: Արդյունքում՝ եկեղեցին չվերականգնեցին: Չեմ ուզում հիմա հավատացյալի դիրքերից բացատրել, թե ինչքան կարևոր է եկեղեցու ներկայությունը, առկայությունը, մանավանդ եթե հնարավորություն կա ավերած եկեղեցին վերականգնել: Ուզում եմ ուրիշ բան ասել:

Հիմա, արդեն բոլորս գիտեինք՝ ինչի եկեղեցի սարքելու աղմուկ հանեցին: Որ տակից օպերատիվ կերպով լուծեն պարսկական շուշաբանդի առուծախը:
Աչքի առաջ ունենալով էս փաստը, ինչի՞ չենք ուզում, որ եկեղեցին վերականգնվի էդ աշտարակի տեղակ: Նախ, էսթետիկ առումով շատ էլ լավ կլինի: Շատ էլ սիրուն կնայվի: Էլ չեմ ասում, որ երևի թե, ցանկության դեպքում, կարող են վերականգնել հին եկեղեցու տեսքն էլ:
Երկրորդը, էդքա՞՞՞՞ն միամիտ են մարդիկ, որ հավատում են, թե էդտեղ կարելի է ոչ մի բան չանել ու այգի՞ սարքել: Ինչ-որ մեկը հավատում է, թե էդ չալաղաջ կտորը քաղաքի սրտի մեջ, չարչիները կթողնեն, որ այգի լինի՞: Ստիպված եմ մտածել, որ նման բանին հավատացողները 20 տարի մուշ-մուշ քնած էին, էսօր են զարթնել ու հեչ չգիտեն, որ էս քաղաքի ամեն չալաղաջ կտորի համար կոկորդ են կրծում:
Երրորդը, հավատացյալ-անհավատ մոռանանք մի պահ: Ես ֆանատիկ հավատացյալ եմ, ինչ-որ մեկն էլ ֆանատիկ անհավատ, կամ գենետիկ ատելություն ունի եկեղեցու հանդեպ: Բայց հարցը հիմա դա չի:
Հիմա պահն է, որ մենք՝ որպես հայեր, մեր պարտքը տանք Հայ Առաքելական եկեղեցուն՝ որպես հաստատության (ոչ հոգևոր սնունդ տվողի, մկրտողի ու մեղքերին թողություն տվողի, Քրիստոս քարոզողի այլ ոնց մենք՝ հեթանոս ու կռապաշտ ազգով վերաբերվում ենք նրան), որպես հաստատության, որը մեզ իր թևերի տակ պահել-պահպանել, բերել հասցրել է 21-րդ դար, պահպանել է մեր ինքնությունը, մեր հայությունը: Ի՞նչ կլինի որ:
Ինչի՞ ենք մենք ռեակցիա տալիս մենակ «եկեղեցի սարքել» բառակապակցությանը, իսկ «պարսկական աշտարակ սարքել» արտահայտությունն արդեն մի շաբաթից ավելի պտտվում է, ու ոչ մեկի զգայարաններին չի կպնում: Եթե Դալմայի այգիների կողքին եկեղեցի սարքելու լինեին, հաստատ ազգս կխոսեր, բնապահպանական խնդիրներ կհիշեր, հողագործ-ռանչպար անցյալը կհիշեր ու հորովել կերգեր ու հոլ արա եզո, բայց Դալմայի այգիները քանդեցին, դրանց ահռելի հատվածի տեղակ սարքում են երկու առևտրի կենտրոն ու մի զռլամ շենք, որ դժվար էլ մոտակա 10-20 տարում հայերն առնեն ու ապրեն: Ու բոլորը սուս են»:

Իսկ բլոգեր «dabavog»-ը անդրադառնալով պարսկական աշտարակի վերաբերյալ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի պարզաբանմանը. «Մեզ առաջարկ է եղել այդտեղ 40 հարկանի շենքի տեղադրման մասին, ինչը մենք մերժել ենք։ Որպեսզի նրանք կարողանան էսքիզային նախագիծ ներկայացնել՝ նրանց տրվել է ճարտարապետանախագծային առաջադրանք։ Այդ առաջադրանքում հաշվի են առնվել մի շարք խնդիրներ, և դրված են սահմանափակումներ. մասնավորապես այնտեղ գրված է եղել, որ շենքի բարձրությունը կարող է լինել առավելագույնը 25 հարկ՝ նկատի ունենալով հրապարակից երևալու խնդիրը։ Խնդիր էր դրված նաև հարակից շենքերից որոշակի հեռավորության վրա գտնվելը, ազատ տարածք, ավտոկայանատեղերի հնարավորությունն ապահովելը, նաև մետրոյի առկայությունը, որովհետև այդ հատվածով են անցնում մետրոյի գծերը, թունելները. այս ամեն ինչը հաշվի առնելով՝ շատ հավանական էր, որ այնտեղ նույնիսկ 25 հարկի հարկայնությունը կարող էր փոխվել։ Նրանց ուղղակի հնարավորություն է տրվել որոշակի սահմանափակումներ պահպանելով՝ ներկայացնել էսքիզներ, որը հետագայում կդրվեր քաղաքաշինական խորհրդի քննարկմանը», մեկնաբանում է.  «Ես չկաաաաաամ, վերջն ա, փաստորեն, ՀՀ մայրաքաղաք-հերոս Երեւանի գլխավոր ճարտարապետը պարսիկներին ասել ա.
այս պատմամշակութային արգելանոց տարածքում շենքը չի կարող լինել բարձր կինո Մոսկվայից /ասենք, թող լինի մի 15 մետր/, բայց կարող եք փորձել 25 հարկանի շենք տեղավորել /15մ : 25  = 0,6մ /, եթե ձեռ ա տալիս՝ արեք ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ
Մոլլա Նասրեդինի կամ Սանչո Պանսայի մտքով երեւի սենց ֆռիկ չեր անցնի, էլ ինչ ասեմ Պլպուղու կամ Պոլոզ Մուկուչի ասին:
Ընդհանրապես, պետք է նկատել, որ նախկին գլխավոր ճարտարապետի այս բացատրությունը  հայկական արդի քաղաքաշինության հիմնական սկզբունքների խտահյութն է»:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930