Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադալյան. «Պետական պաշտոնը բիզնես չէ»

Նոյեմբեր 28,2011 16:18

«Քաղծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով դժվար կլինի հաղթել քննություններում: «Հայելի» ակումբում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ քաղծառայության մրցույթում 32 անգամ հաղթող ճանաչվածը այդպես էլ ոչ մի տեղ չի ընդունվել աշխատանքի: Մանվել Բադալյանի խոսքերով,սահմանափակվել է հաղթողների քանակը եւ գնահատման մոդելը: Այսինքն՝ 3 անձից ավելին հաղթող չեն կարող ճանաչվել: «Հոգեբանորեն հասկանում ենք այն մարդուն, որը 32 անգամ հաղթել է ու չի նշանակվել աշխատանքի: Հիմա ավելի օբյեկտիվացրել ենք: Վերջերս դեպք եղավ, սպորտի նախարարության վարչության պետի մրցույթ էր, երբ նախարարության ներկայացուցիչները  հանձնաժողովի անդամ էին եւ ակնհայտ սուբյեկտիվ դիրքորոշում են ունեցել մասնակցի նկատմամբ: Շատ թույլ քննություն բռնելու պարագայում բարձր բալեր են նշանակել ու այսպես ասած՝ հաղթեցրել: Բայց խորհրդի կողմից բողոքարկվեց եւ այդ քաղաքացու մասով չեղյալ համարվեց»,-ասաց Մ. Բադալյանը:

Ինչ վերաբերում է վերջերս տարբեր նախարարությունների այն քաղծառայողներին, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջել, ինչի համար էլ աշխատանքից ազատվել են՝ պարոն Բադալյանը վստահեցրեց, որ քաղծառայության խորհրդին նրանք չեն դիմել, ուստի չեն կարող զբաղվել այդ խնդրով. «Ես մամուլում տարբեր ձեւակերպումներ եմ կարդացել՝ պատժել են, աշխատանքից ազատել են: Չկա նման մեխանիզմ՝ աշխատանքից ազատել չեն կարող առանց խորհրդի համաձայնության: Եթե քաղծառայողը հանդես է բերում քաղաքացիական ակտիվություն, նախաձեռնություն ու այնքան վախվորած է, որ որեւէ չինովնիկի պահանջի պայմաններում անձնական դիմումով հեռանում է աշխատանքից, ես նրա հետեւից գնալու ցանկություն չունեմ: Իսկ նրանք, ովքեր կդիմեն մեզ, կփորձենք պաշտպանել»:

Այն, որ քաղծառայողներն այդպես հեշտությամբ դուրս են գալիս աշխատանքից, պարոն Բադալյանը կարեւոր պատճառ է համարում աշխատավարձերի ցածր լինելը. «Մեր երկրում բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերը համարժեք չեն իրենց կատարած աշխատանքին »: Իսկ սոցիալական նոր փաթեթը, որը քաղծառայողներին բուժսպասարկման, հիփոթեքի եւ այլ ոլորտներում որոշակի աջակցություն է տալիս, ըստ Մ. Բադալյանի, մեկ քայլ առաջ է. «Պետական ծառայողների շարքերում շատ հիվանդ դրսեւորումներ  կան, պետական համակարգն ու դրանում ընդգրկված մարդկանց պետք է առողջացնենք այս սոցիալական լուրջ երաշխիքներով: Այսօր շատերը պետական ծառայությունը համարում են բիզնես: Շատերին թվում է, որ պետական ծառայության մեջ լինելով՝ ձեռնարկատերերի նման կամ նրանց չափ եկամուտներ պիտի ունենան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930