Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար Ա.Հասրաթյանի ստորագրությամբ «Առավոտին» էր ուղարկվել մի ծանուցագիր, որով մեր ֆոտոլրագրողը հրավիրվում է դատարան: Չնայած ծրարի վրա գրված էր «Գագիկ Շամշյան: Եղվարդի խճուղի-1», սակայն այս «նոր հասցեն» էլ չի օգնում, որպեսզի ճշտենք, թե ինչ դատական նիստի է հրավիրվել Գագիկ Շամշյանը:
Գործավարի եւ ֆոտոլրագրողի անուններն այսօր մեզ տարան Արաբկիրի դատարան: Պարզվեց, որ Ա.Հասրաթյանը դատավոր Ալվարդ Հունանյանի գործավարն է, որի վարույթում էլ գտնվում է քաղաքացի Արամ Չատինյանի ընդդեմ Գագիկ Շամշյանի «պատիվը, արժանապատվությունը, արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու մասին» հայցը: Ի դեպ, դատարանի էլեկտրոնային կրպակում տեղադրվել էին երկու Շամշյանների հետ կապված գործեր. Համլետ Շամշյանի եւ Գագիկ Շամշյանի:
Մեր ֆոտոլրագրողը ծանուցագրից բացի, հայցադիմում չի ստացել, չնայած այսօր տեղեկացանք, որ մի նիստ էլ նա «բաց է թողել» նոյեմբերի 2-ին:
Գ.Շամշյանի դեմ հայցի քննությունը նշանակվել է դեկտեմբերի 7-ին:
Կարդացեք նաև
Սակայն նա ի՞նչ կարգավիճակով պիտի ներկայանա դատարան, ո՞ր լրատվամիջոցում է Շամշյանը տեղեկացրել Ա.Չատինյանի մասին, քանի դեռ հայցը չկա՝ պարզ չէ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ