Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապացուցեց, որ սեր կա, բայց չապացուցեց, որ սիրում է ինձ»

Նոյեմբեր 28,2011 13:52

Աստղիկն ու Արմենը ծանոթացել են համացանցի միջոցով` «Սիրային ստատուսներ» խմբում: Աստղիկը միշտ գրում էր`սեր չկա, այդ մարդիկ են հորինել իրենց մխիթարելու համար, իսկ նա առարկում էր`«Տենց ես ասում, որովհետև ընկեր չունես»:

Այսպես նրանք ամեն օր վիճում էին, ու մի օր էլ Արմենը գրում է . «Եթե հանդիպենք, կապացուցեմ, որ սեր կա, ու, որ դու արդեն սիրում ես ինձ, ես էլ` քեզ»:

Աստղիկը զարմանում է` ինչպես է հանդգնում նման բան ասել: Բայց այժմ անկեղծանում է. «Զգում էի, որ նրա խոսքերի մեջ ճշմարտություն կա»: Նա խուսափում էր հանդիպումներից. բարդույթավորվում էր. Ի՞նչ կմտածեն ուրիշները:

Մի օր էլ համալսարան գնալիս նկատում է, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն, շրջվում է. նա էր.  «Մեր հանդիպումը 5 րոպե էլ չտևեց, ասացի,որ մոռանա ինձ ու հեռացա»:

Աստղիկը խոստովանում է` իրականում փորձում էր նրան, անչափ զարմացել էր` ինչպես էր գտել իրեն, հետագայում պարզում է` ընկերուհիներից մեկն էր օգնել: Մեկ ամիս հետո սկսում են ընկերություն անել. հեռախոսազանգեր, հանդիպումներ և արկածներով լի կյանք.

«Ես ինձ շատ լավ էի զգում` մանավանդ երբ ծանոթներս ասում էին, որ մենք սազում ենք իրար, արտաքնապես էլ ենք նման` ինչպես քույր-եղբայր»,- պատմում  է Աստղիկը:

Տպավորիչ էր նրա պատրաստած անակնկալը Արմենի ծննդյան առթիվ. «Ընկերուհուս խնդրեցի, որ մայրիկիս համոզի, թե տանը մենակ է մնալու, թույլ տա գիշերեմ իրենց տանը, մայրս էլ թողեց: Բայց փոխարենը տորթով, փուչիկներով, շամպայնով ու նվերով գիշերը ժամը 12-ին գնացինք Արմենենց տուն: Նրա մոր`տիկին Անահիտի հետ  արդեն հասցրել էի ծանոթանալ, բայց ամաչում էի`հանկարծ վատ բան չմտածի»:

Աստղիկին լավ ընդունեցին: Այդ օրը իր ամենաերջանիկ օրն էր, Արմենն էլ էր երջանիկ: Բայց…2 ամիս հետո խնդիրներ են առաջանում. «Լրիվ փոխվել էր, արգելում էր շրջազգեստ հագնել, անգամ թույլ չէր տալիս ընկերուհիներիս տուն գնալ, շատ էր խանդում»,- պատմում է Աստղիկը: Սա էլ քիչ էր, երբ  Արմենը խոսում է  Աստղիկի եղբոր `Գոռի հետ, վերջինս քրոջն արգելում է  շփվել նրա հետ ասելով` «բառադի ա, ո՛չ սովորում ա, ո՛չ աշխատում, ոչ էլ իրան պահելու ձև գիտի»:

Աստղիկին արգելում են  տանից դուրս գալ, հեռախոսից էլ են զրկում: Մի քանի օր հետո թաքուն ընկերուհու հեռախոսով հաջողվում է խոսել Արմենի հետ. «Աստղ, եթե սենց շարունակվի, չգիտեմ ոնց, բայց ես կփախցնեմ քեզ, կամ էլ ընդմիշտ կկորցնեմ»,- հիշում է Աստղիկը: Նրանից ժամանակ է խնդրում` կողմնորոշվելու համար: Պայմանավորվում են, որ  երկու շաբաթ հետո Արմենը  գնա «Օղակաձև այգի» և սպասի. եթե Աստղիկը գա` ուրեմն համաձայն է:

Երկու շաբաթ հետո Աստղիկը գնում է, բայց ի զարմանս իրեն, Արմենին չի տեսնում: Մեկ ժամ սպասում է. «Ուրախությանս չափ չկար, երբ հեռվից տեսա նրան, ապուշ կտրած հայացքով նայում էր ինձ, չհասկացա ինչո՞ւ, գնացի ընդառաջ… մեկ էլ տեսնեմ մի աղջիկ եկավ, բարևեց ու իրար ձեռք բռնած՝ քայլեցին… արդեն մոռացել էր ինձ»: Արցունքոտ աչքերով հեռանում է. «Նա ինձ ապացուցեց, որ սեր կա, բայց չապացուցեց, որ սիրում է ինձ»:

 

Նազենի Բազդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930