Այսօր առավոտից Հայաստանի արդարադատության նախարարությունում անցկացվում են նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննություններ: 70-ից ավելի թեկնածուները քննությունները կհանձնեն երեք փուլով: Նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, թեկնածուներից միայն 20-25-ը նոտարների թափուր տեղերը կհամալրեն: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե նոտարներն ինչքան աշխատավարձ են ստանում: «Նոտարները աշխատավարձ չեն ստանում: Կատարում են գործարք ու ծառայությունների դիմաց գումար ստանում: Գումարի չափն էլ կախված է աշխատանքի կազմակերպման ձեւից ու ծառայությունների որակից»,- պատասխանեց նախարարը: Մեր հարցին, թե դա՞ է պատճառը, որ նոտարական համակարգն ամենակոռումպացված ոլորտներից է, նախարարը չհամաձայնեց: Թեեւ ավելի վաղ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետն իր դժգոհությունն էր հայտնել նոտարական համակարգում առկա կոռուպցիոն դեպքերից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ