Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ երաժշտագիտական գրադարանը ԱՊՀ-ում

Նոյեմբեր 28,2011 13:34

«Առաջին անգամ եղա երաժշտագիտական գրադարանում: Ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը ստացա: Մեծ սիրով անհրաժեշտության դեպքում նորից կայցելեմ  գրադարան: Իննսուներկու տարեկան եմ, դեռ ջահել եմ, քանի չեմ նշել իմ հարյուրամյակը: Ափսոսում եմ, որ ճերմակել են մազերս: Շատ գոհ եմ և սիրեցի բոլոր աշխատակիցներին: Սիրով` Մակիչ Բագրատի Դալլաքյան»:

Երևանի Երաժշտագիտական գրադարանի կարծիքների տետրում արված վերջին գրառումն էր: 45 տարվա պատմություն ունեցող գրադարանը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ԱՊՀ-ում: Պարբերաբար ձեռք բերված գրականության, ինչպես նաև՝ նվիրատվությունների շնորհիվ գրադարանն այսօր ունի բավական հարուստ ֆոնդ: Այստեղ պահպանվում է  250 000 միավոր երաժշտական գրականությունը, նոտագիր նյութերը, ամսագրերն ու էլեկտրոնային ռեսուրսներն, ինչպես նաև՝ հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ձեռագրեր: Գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը նշում է, որ այս ամենը պահպանելու և ընթերցողների գործն ավելի հեշտացնելու համար առաջիկայում նախատեսվում է թվայնացնել երաժշտական գրականությունը. «Աշխարհի բոլոր երաժշտական գրադարանները թվայնացված են: Մենք այսօր լուրջ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Աշխատողները պարբերաբար լինում են վերապատրաստման կուրսերի, ծանոթանում են ծրագրերին: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում առայժմ ոչ մի երաժշտական գրականություն թվայնացված չէ»:

Այսօր գրադարանն ունի մոտ 5900 ընթերցող, ովքեր ցանկության դեպքում խմբային կամ անհատական եղանակով ձայնադարանում կարող են ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտությունը՝ ձայնապնակների, խտասկավառակների /CD/ և թվային սկավառակների /DVD/ միջոցով: Իսկ ընդհանուր ընթերցասրահում, բացի երաժշտական գրականությունից, կա նաև արվեստի հարուստ գրականություն` ճարտարապետություն, նկարչություն, քանդակագործություն, կինո, թատրոն և այլն: Սպասարկման բաժնի վարիչ Նաիրա Իլանյանը նշում է, որ ընթերցողների 5 խումբ ունեն. «Առաջին խումբը  երաժշտական դպրոցների աշակերտներն են, երկրորդ խումբը` ուսանողները, երրորդը` այն մարդիկ, ովքեր դասավանդում են երաժշտական դպրոցներում և բուհերում, չորրորդ խումբը կոմպոզիտորներն են, իսկ հինգերորդը` սիրողական խումբն է. այն մարդիկ, ովքեր ինքնուրույն փորձում են սովորել: Մենք նրանց ոչ միայն տրամադրում ենք այդ նյութերը, այլև` օգնում»:

Անհրաժեշտ նյութերի բացակայության դեպքում էլ աշխատողները դրանք ձեռք են բերում ինտերնետից և տրամադրում ընթերցողին: Բացի այդ, երաժշտասեր հանրության համար գրադարանում հաճախակի կազմակերպվում են երաժշտության ստեղծագործությունների ունկնդրումներ, քննարկումներ, կոմպոզիտորների, կատարողների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ հանդիպումներ, նոր հրատարակված երաժշտական ստեղծագործությունների ցուցահանդեսներ և հոբելյանական միջոցառումներ: «Տարիների փորձից ելնելով` պետք է նշեմ, որ երիտասարդների մոտ մեծացել է հետաքրքրությունը ժողովրդական երգի ու երաժշտության նկատմամբ: Դա շատ ուրախալի է, որովհետև ամենակարևոր զենքը, որ մենք պետք է ունենանք, դա մեր մշակույթն է: Ես մի այսպիսի համեմատություն կանեմ` մայրը կյանք է տալիս երեխային, իսկ գրադարանը սնում և զարգացնում է նրան»,-նշում է տնօրենը և ավելացնում, որ չնայած աշխատավարձը ցածր է, սակայն իրենց աշխատողները շարունակում են նվիրված աշխատել: Կարևոր է նշել, որ գրադարանում իրականացվում են նաև գիտական աշխատանքներ: Այս տարի ավարտել են  Ավետ Տերտերյանի, իսկ մյուս տարի նախատեսվում է կազմել Սայաթ-Նովայի և Ալեքսանդր Հարությունյանի կենսամատենագիտությունները:

Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930