Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Առաքելյանի «ֆաքս-2»-ը վարչապետ Տիգրան Սարգսյանին

Նոյեմբեր 28,2011 13:12

Շարունակելով իմ բաց գործունեությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ հարցաքննվելուց առաջ, ցանկանում եմ սույն բաց «ֆաքս-2»-ի միջոցով տեղեկացնել, թե քննչական խմբի մոտ ինչպիսի հարցեր կարող են առաջանալ, հետևաբար ձեզ հարկավոր է շատ լրջորեն նախապատրաստվել: Դուք, որպես պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ»  գործարանի 10 տոկոս բաժնեմասի պատասխանատու պետք է կարողանաք հիմնավորել ձեր անգործությունը գործարանում իրականացված անօրինականությունների հանդեպ: Նույն կերպ լրջորեն նախապատրաստվելը  չէր խանգարի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Եվ այսպես.

-Ինչո՞ւ 2006 թվականի ամռանը ՀՀ Կենտրոնական բանկի առաջարկությամբ կառավարությունը հապճեպ որոշում կայացրեց դադարեցնել «Նաիրիտ»  գործարանի աշխատանքային նորմալ ընթացքը և գործարանի բաժնեթղթերը վաճառքի անվան տակ նվիրաբերվեցին քիմիական արդյունաբերության ոլլոլոլորտում (ծանո՞թ բառ է…) պատմություն և փորձառություն չունեցող «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը: Եվ այս ամենը այն պարագայում, երբ գործարանը տնօրենության բարեխիղճ աշխատանքի արդյունքում արդեն խնդիրներ չուներ ո՛չ ֆինանսական և ո՛չ սպառման հարցերում, ստացված էր կաուչուկի մեծ խմբաքանակի համար կանխավճար և անխափան արտադրության համար առկա էին բոլոր հումքերը:

Հաջորդ հարցը.

Հիշեցնեմ, որ դուք, ս.թ. հունիսի 2-ին կառավարության նիստում հայտարարեցիք, որ «Նաիրիտում» հարկավոր է իրականացնել աուդիտորական ստուգումներ, որպեսզի ունենաք գործարանի ամբողջական ֆինանսական պատկերը, քանի որ «Նաիրիտը» կառավարելու համար մայիսին օպերատորի մրցույթ էր հայտարարվել և օպերատորը պետք է հստակ պատկերացում ունենա գործարանի իրական ֆինանսական վիճակի մասին: Այդ կապակցությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարվեց իրականացնել ֆինանսական ստուգումներ և ներկայացնել եզրակացություն: Ֆինանսական ստուգումների ժամանակ, երբ բացահայտվեցին լուրջ ֆինանսական խախտումներ, Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվեցին, իսկ Հանձնաժողովը, իր հերթին, ներկայացրեց միջանկյալ հաշվետվություն՝ կատարված իրավախախտումների վերաբերյալ:

Այդ խախտումներից մեկը, մասնավորապես,  վերաբերում էր «Նաիրիտի» նախկին գլխավոր տնօրեն, այժմ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս գրուպ» (նախկինում «Մահուդի գործարան») ընկերության հետ կատարված գործարքին: Այսպես` Վահան Մելքոնյանը «Մեգատեքս» ՍՊԸ գրավ է դնում ԱՊՀ Միջպետական բանկում և չի վճարում վերցված վարկի դիմաց, արդյունքում «Մեգատեքսն» անցնում է ԱՊՀ Միջպետական բանկին: 2009 թվականին «Նաիրիտը» ունենալով լուրջ ֆինանսական խնդիրներ, չգիտես ինչու, 3,7 միլիարդ դրամով ԱՊՀ Միջպետական բանկից վերցրած վարկի հաշվին գնում է «Մեգատեքսի» բաժնետոմսերը` նույն ԱՊՀ Միջպետական բանկից: Հիշեցման կարգով նշեմ, որ 2009 թվականի մայիսին տեղի ունեցած պայթյունի հիմնական պատճառ նույն Վահան Մելքոնյանը նշում էր 150.000 դոլար ֆինանսական միջոցների բացակայությունը: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ «Նաիրիտ» գործարանը գնում է մեկ այլ գործարանի բաժնետոմսեր, որի պրոֆիլը կապ չունի «Նաիրիտի» հետ և վճարում դրա դիմաց  շուրջ  12  միլիոն  դոլար:

Հարց.

-Ինչո՞ւ «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնետեր հանդիսացող ՀՀ Կառավարությունը ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ունենալով տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչը, որը քաջատեղյակ էր գործարանի ծանր ֆինանսական վիճակի մասին, տվել է համաձայնություն «Նաիրիտ» գործարանի ոլորտին առնչություն չունեցող «Մեգատեքս» ՍՊԸ-ի բաժնետոմսերը վարկային միջոցներով ձեռք բերելու համար: Դուք որպես ՀՀ վարչապետ եղե՞լ եք տեղեկացված, թե՞ գործարքը կատարվել է առանց ձեր իմացության կամ «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն աշխատող ձեր եղբայրը ընտանեկան զրույցների ժամանա՞կ էլ չի տեղեկացրել գործարանը սնանկացման տանող անիմաստ գործարքի մասին…

Այժմ  անցնենք  հաջորդ  խախտմանը:

Իմ ուսումնասիրությունները պարզել են, որ Ֆիննախի նույն ակտում հաջորդ հայտնաբերված ֆինանսական խախտումը կապված է պարսկական NUMARD TRADING  LTD կազմակերպությանը, որը 2010թ. հաղթել է «Նաիրիտի» դեմ 4.9 մլրդ դրամի պահանջի վերաբերյալ դատը: Ֆիննախի աուդիտը պարզել է, որ «Նաիրիտի» ղեկավարությունը միտումնավոր է պարտվել բավականին անհիմն պահանջ ներկայացրած պարսկական այդ կազմակերպությանը` նույնիսկ չբողոքարկելով դատարանի վճիռը: Այդ 4.9 մլրդ դրամը մինչ այս պահը որպես պարտք «նստած»  է «Նաիրիտի» վրա (անհասկանալի կամ ավելի ճիշտ շատ պարզ պատճառով պարսկական ընկերությունը մինչ օրս չի դիմել ԴԱՀԿ-ին գումարը բռնագանձելու պահանջով): Միայն  լրատվամիջոցների  ահազանգումներից հետո` հավանաբար ֆինանսների  նախարարության  ցուցումով «Նաիրիտ»  գործարանի  ղեկավարությունը  բողոք ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ դատարան`  ընդդեմ ուժի մեջ մտած վճռի:

Հարց.

-Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովի կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացված ստուգումների հիման վրա գրված միջանկյալ ակտը, որում արձանագրված են նմանատիպ բազմաթիվ ֆինանսական խախտումներ,  մինչ օրս չեն ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի «Նաիրիտ» գործարանի հետ կապված «մութ» պատմությունները դառնան թափանցիկ և դուք էլ հետագայում կարողանաք լուսաբանել նշված փաստերը:

Առայժմ այսքանը: Մնացածը՝ հաջորդ դասին…

ՀՀ  քաղաքացի  Հարություն  Առաքելյան,

համատեղության կարգով

Աշխարհասփյուռ  Ռամկավար  Ազատական  կուսակցության

 գործադիր-փոխատենապետ,

 ՀՌԱԿ  ատենապետ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930