Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության վարչության պատասխանը նախագահ Սերժ Սարգսյանին

Նոյեմբեր 28,2011 13:03

Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա:

Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ը նշել էր, որ  «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտեց այդ «սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կամ դրանք իրականություն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թույլատրելի սահմանագիծը» եւ գնահատվում որպես սեւացնող, թունավորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող:

Գնահատական հնչեցնելիս ՀՀ գործող նախագահը առնվազն պետք է գիտակցեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը 15 կետերի ներքո շարադրված որոշակի առաջարկների ամբողջություն է եւ ոչ թե հայտարարություն, եւ որ դրանց նպատակն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելն է, ինչը Սերժ Սարգսյանը կամ չի ընկալել, կամ խեղաթյուրում է:

Նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին։ Դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժում եւ չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհավասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղավաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու եւ այլ արատավոր գործելակերպից:

Տասնվեց տարի շարունակ իշխանությունների կողմից հակոտնյա այդ մեթոդաբանությամբ ընտրությունների կազմակերպո’ւմն է հենց շարունակաբար սեւացրել ու վարկաբեկել երկրի հեղինակությունը, հանգեցրել ժողովրդական ընդվզման եւ արյունահեղության: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008թ. նախագահական ընտրությունները դրական են գնահատվում եւ վկայակոչվում իբրեւ միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1»:

Գործող նախագահը պետք է գիտակցի, որ քաղաքական նման հռետորաբանությունը, որն ուղեկցվում է վերոնշյալ մեթոդներով անցկացված «ընտրություններով», ամենակարճ ճանապարհն է բացում դեպի ներհասարակական անհանդուրժողականություն: Ուստի սթափվելու պահը բոլորի համար է, եւ առաջին հերթին` գործող նախագահի:

Եթե Սերժ Սարգսյանը սխալվել է կամ վրիպել, կամ էլ շեղվել նախագահական ոճից եւ բովանդակությունից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարեն ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի կետերի գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությունը եւ քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անհապաղ լուծելու, ընտրությունները հանրորեն ընդունելի դարձնելու, Հայաստանի Հանրապետությունում վերջապես իրավական (դե յուրե) ընտրական արդյունք ապահովելու համար:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

28 նոյեմբերի 2011թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930