Այսօր Հայաստանի պատանի շախմատիստները Փարիզ-Երեւան չվերթով երեկոյան 21.00-ին ժամանում են «Զվարթնոց» օդանավակայան: Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունը լուսաբանելու ընթացքում ստացվեց այնպես, որ հայկական լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը բեւեռված էր մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Սամվել Տեր-Սահակյանի վրա, որն էլ արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ մեր մյուս մասնակիցների մրցելույթները մի տեսակ ստվերի տակ մնացին:
Սամվելի հետ նույն տարիքային խմբում հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը 93 մասնակիցների մեջ 6,0 միավորով պայքարն ավարտեց 14-րդ հորիզոնականում, ինչը վատ ցուցանիշ չէ: Իսկ ինչ վերաբերում է 16 տարեկանների պայքարին (այստեղ հանդես էր գալիս 104 շախմատիստ), Հովհաննես Գաբուզյանը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` ընդամենը կես միավոր զիջելով երրորդ տեղը գրաված ղազախ Ալիբեկ Իգամբերգենովին, որի հետ, ի դեպ, 3-րդ տուրում խաղացել էր ոչ-ոքի: Իսկ Կարեն Հ. Գրիգորյանը հանգրվանեց 14-րդ հորիզոնականում` 6,0 միավորով: Ու թեեւ նրանից ակնկալիքներն ավելի մեծ էին, այդուհանդերձ, մասնակցությունն ընդհանուր առմամբ բավարար էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ