Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը

Նոյեմբեր 28,2011 12:07

Ըստ լրատվամիջոցների` նոյեմբերի 25-ին պատգամավոր Հայկ Սանոսյանը իր ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հայտարարել է, որ չի ճանաչում Վահագն Չախալյանին որպես քաղաքական գործիչ և չի տեսել նրա «ազգանպաստ քայլերը»։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը։ Հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ պարոն Սանոսյանը տնտեսական և այլ բնույթի սերտ կապեր ունի վրաց տարբեր պաշտոնյաների հետ, որոնց թվում են նաև վրաց ուժային կառույցների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, նրա վերոհիշյալ հայտարարությունը կարելի է գնահատել որպես վրաց իշխանություններին հաճոյանալու ոչ բարոյական փորձ։

Հայկ Սանոսյանն այն անձնավորությունն է, որը օրին անմիջականորեն ստանձնել էր Ջավախքում բանտ կառուցելու վրաց իշխանությունների ծրագրի իրականացումը։ Նա, կատարելով վրաց իշխանությունների խոսափողի դերը, նաև արդարացնում է Ջավախք հայալեզու գիրք–գրականության տեղափոխման հարցում վրացական սահմանապահների կողմից հարուցվող խոչընդոտները` հայտարարելով, որ այդ գրականությունը ահաբեկչական բնույթի է։ Ուստի, այն հանգամանքը, որ Հայկ Սանոսյանը չի ընդունում Վահագն Չախալյանի քաղաքական ուղեգիծը և դեմ է նրա ծրագրերին, Վահագն Չախալյանին միմիայն դրական կողմից է բնութագրում։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Հայկ Սանոսյանին զերծ մնալ ջավախքահայության խնդիրների շահարկումից, դրանք` առաջիկա խորհրդրանական ընտրություններում պատգամավորական աթոռը վերստանալու նպատակին որպես մանրադրամ օգտագործելուց։ Միայն գործնական քայլերով, այդ թվում` ի պաշտպանություն իրենց քաղաքական հայացքների համար վրաց իշխանությունների կողմից հալածվող ջավախքահայ քաղաքական գործիչների, նա կարող է ապացուցել, որ իր համար ջավախքահայության շահերը ունեն իրական արժեք։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը ստեղծվել է 2009 թ.  դեկտեմբերին: Այն միավորում է ջավախքահայության և վրացահայության խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ: Դրանք են` «Ջավախք» հայրենակցական միությունը, Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ միությունը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժում» կազմակերպությունը և «Ռուսաստանի ջավախքահայերի համայնք» կազմակերպությունը:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հիմնական նպատակներն են.

–         ջավախքահայության առջև ծառացած քաղաքական, լեզվական, կրոնական, կրթական, մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետապնդումը:

–         ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելը:

–         ջավախքահայության հիմնախնդիրների լուծմանն ուղղված համայն հայության ջանքերի ակտիվացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել