Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյան. «ԲՀԿ-ին պետք է մեղքերը քավելու հնարավորություն տալ»

Նոյեմբեր 28,2011 11:19

Լեւոն Տեր Պետրոսյանը նոյեմբերի 25-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց, որ եթե ԲՀԿ-ն ուժ գտնի կոալիցիայից զատվելու եւ նպատակ որդեգրի ազատ, արդար ընտրություններ անցկացնել, ապա ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի համագործակցելու այդ ուժի հետ, բացառությամբ միասնական ցուցակով հանդես գալը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահի այս համոզմանը, ՀԱԿ անդամ, հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն ասաց, որ ՀԱԿ-ը պետք համագործակցի ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր այն ուժերի, որոնք իսկապես ցանկանում են Հայաստանը տեսնել ժողովրդավարական երկիր եւ պատրաստ են իրենց նպաստը բերել արդար ընտրություններ կազմակերպելուն: «Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, արտառոց ոչինչ չի ասել, որպեսզի տարաբնույթ եւ ծայրահեղական մեկնաբանություններ տրվեն: Առաջին նախագահի ասածը շատ տրամաբանված է: Բոլոր ուժերը, որոնք ցանկանում են մեր երկիրը հանել մարտի 1-ի մղձավանջից, հոկտեմբերի 27-ի հետեւանքներից, պետք է համախմբվեն եւ արդար ընտրություններով վերականգնեն ժողովրդի հավատը: Այդ առումով, եթե ԲՀԿ-ն նման ցանկություն եւ նպատակ ունենա` ես կողմնակից եմ նման համագործակցության»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ի հանրահավաքներում անընդհատ հնչում են «ոչ սերժանտացմանը», «ոչ ռոբոտացմանը», «ոչ դոդացմանը» կարգախոսներ ու համագործակցության դեպքում` ո՞ւր է մնում վերջին կարգախոսը, Մյասնիկ Մալխասյանն այսպես արձագանքեց. «Եթե որեւէ գործիչ, որեւէ մարդ մեղք է գործել՝ դա չի նշանակում, որ պետք է մշտապես մնա այդ մեղքերի տակ: Նա պետք է իր մեղքերը քավելու հնարավորություն էլ ունենա: Ցանկացած ուժ, եթե սխալներ եւ մեղքեր է գործել, պետք է հնարավորություն տրվի քավելու դրանք: Կարծում եմ որեւէ մեկը չի կասկածում, որ Տեր-Պետրոսյանի նպատակն իսկապես Հայաստանը ժողովրդավար դարձնելն է, երկրին սահմանադրական կարգը, իսկ ժողովրդին արժանապատիվ ապրելու իրավունքը վերադարձնելն է: Այս ճանապարհին՝ այն ուժերը որոնք պատրաստ կլինեն համագործակցության` չպետք է խուսափել դրանից»:

Մեր զրուցակիցը «ջարդել-փշրելով» հարցեր լուծելու ջատագովը չէ. «Եգիպտոսը մեկ անգամ արեց, հիմա` նորից են անում, Հայաստանը պետք է ետ պահել այդ փուլից: Տեր-Պետրոսյանը խելամիտ ճանապարհ է որդեգրել եւ իշխանավորները, ովքեր տարված են ագահության մոլուցքով, պիտի մի պահ կանգ առնեն: Արտաքին մարտահրավերները մեզ այլընտրանք չեն թողնում, բոլոր ուժերը պիտի գիտակցաբար համախմբվեն եւ իշխանություններին պարտադրեն ազատ, արդար ընտրությունների անցկացում»: Եթե ԲՀԿ-ն իր մեջ ուժ գտնի, գնա այդ քայլին եւ իշխանության մեջ խզում տեղի ունենա, ըստ Մյասնիկ Մալխասյանի, դա արդեն երախշիք կլինի 50 տոկոսանոց արդյունք ապահովելու:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930