Վաղը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը, որտեղ, ըստ մի խումբ բնապահպանների, կան բազմաթիվ բացթողումներ, և բնության պահպանության համար վտանգավոր կետեր: Բնապահպանները կարծում են, որ նախատեսվող փոփոխություններով փորձ է արվում օրինականացնել Հայաստանի էկոգաղութացման և բնության անխնա օգտագործման գործընթացը: Եթե նախագիծը ընդունվի, ասվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ, օրինակ 5, 500 կամ ավել հեկտար անտառահատման համար հանրային լսումներ կամ լուրջ փորձաքննություն չի անցկացվի: Այս կերպ փորձ է արվում օրինականացնել բնության, ընդերքի, հայրենիքի անխնա շահագործումը և ամեն կերպ որոշողների շրջանակից դուրս մղել ժողովրդին ու նրա ձայնը: Ազգային ժողովի դիմաց վաղն առավոտյան բնապահպանները հանուն բնության պահպանության բողոքի ակցիա կանցկացնեն: