Զառայի համար էքստրիմը անբացատրելի զգացում է: Նա մագլցում է Հրազդանի կիրճի բարձունքները արդեն մեկ տարի: Հասկացել է, որ ստացած զգացողությունը «վերջնա»:
«Էքստրիմը առաջին հերթին ադրենալինի հաճելի զգացում է, երբ դու կախված ես լինում օդում ընդամենը մեկ պարանով, ու քո կյանքն էլ է դրանից կախված, քո միակ օգնականն էլ դու ես: Այդ անբացատրելի զգացում է : Էքստրիմն էլ ուղղակի հաճույք է ու մի քիչ էլ վախենալու», – ասում է 19-ամյա Զառա Բորանյանը: Սովորում է` միանգամից 2 մասնագիտություն է ցանկանում ունենալ`լեզվաբանություն, ուզում է նաեւ դերասան դառնալ: Որևէ էքստրեմալ սպորտաձևերի ակումբում գրանցված չէ, բայց շատ հաճախ է մագլցում բարձունքները:
Առաջին փորձի մասին պատմում է մեզ. «Կոնկրետ օրը չեմ հիշում, բայց չեմ մոռանա, թե ինչը դրդեց նման քայլի գնալ. կյանքումս դժվար ժամանակաշրջան էր: Ընկերներիցս մեկը առաջարկեց գնալ ու թեթևանալ, հավատացրեց , որ օգնում է: Գնացի: Պետք է իջնեինք ու բարձրանայինք Հրազդանի կիրճի բարձունքները: Մեզ օգնում էին պրոֆեսիոնալ մագլցողները, որոնք «Վտանգավոր բարձրություն» էքստրեմալ սպորտաձևերի ակումբից էին: Սկզբում հեշտ էր թվում ամեն ինչ, բայց երբ եկավ իմ հերթը` վախեցա: Մի կերպ ինձ զսպելով, ինքս ինձ դեմ գնալով դիմեցի այդ քայլին: Կանատներով իջա ներքև: Դժվար էր, բայց շատ հաճելի: Ամենակարևորը թեթևացա» :
Առաջին փորձը Զառայի մոտ հաջող է ստացվում: Անգամ հիշում է` ինչ զգաց այդ պահին. «Մտածում էի` արժի՞ , թե՞ չարժի: Բա որ պոկվի՞ պարանը, բա որ չկարողանա՞մ հետ բարձրանալ: Բայց մի կողմից էլ շատ էի ուզում, որովհետև սիրում եմ այդպիսի գիժ բաներ: Մի պահ ուզում էի ասել, որ չեմ իջնում, բայց հետո հավաքեցի ինձ ու իջա»:
Ցանկանալով, վախենալով, մտածմունքներով Զառան սկիզբը դրեց իր էքստրեմալ կյանքի: Արդեն մեկ տարուց ավելի է` նա զբաղվում է բարձունքները մագլցելով, ասում է` «էտ իմնա, հասկացա, որ իրոք վերջնա: Խոհուրդ կտամ մարդկանց , որ հնարավորության դեպքում փորձեն, որովհետև դա անբացատրելի երևույթ է»:
Մելանյա Հարությունյան