«Նոյեմբերի 10-ի առավոտյան, 9 անց 5 Թուրքիայի մեծ մասը կանգ առավ: Մարդիկ դուրս եկան իրենց մեքենաներից: Հետիոտները կախեցին գլուխները: Դպրոցներում եւ գրասենյակներում տիրեց լռություն»,- Financial times-ի թուրք թղթակիցներն այսօր այսպես են նկարագրել, թե ինչպես է ամեն տարի նշվում 1938-ին մահացած ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահը: Երկրի ամեն խանութում ու գրասենյակում դեռ նրա լուսանկարներն են՝ նշում են թղթակիցները, բայց չնայած այս ակնածանքին իր «ազգային հերոսի» նկատմամբ՝ ըստ Financial times-ի, Թուրքիայում սկսվել է «կատաղի քննարկում հանրապետության վաղ տարիների մասին: Տաբուներն Աթաթուրքի շրջանում թերությունների եւ հանցագործությունների մասին սկսում են քանդվել»: Որպես դրա մի վկայություն է դիտվում այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ ներողություն խնդրեց Դերսիմում պետության կողմից հազարավոր մարդկանց սպանությունների համար: