Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Ձեր վատ խաղի արդյունքում բոլոր մեղքերը բարդվում են ինձ վրա»

Նոյեմբեր 26,2011 18:34

Յուրաքանչյուր տարվա ու մրցաշրջանի ավարտին ՀՖՖ-ն կազմակերպում է տոնական միջոցառում-մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգեւատրվում ու գնահատվում են մրցաշրջանի ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած թե՛ թիմերը ու թե՛ ֆուտբոլիստները: 2011-ն այդ առումով նույնպես բացառություն չէր, սակայն 2011-ին հայկական ֆուտբոլի հերոսը ոչ թե ազգային առաջնությունն է, այլ հավաքականը, ուստի ՀՖՖ որոշմամբ հավաքականի տղաների մեծարումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ու տարվա լավագույն մարզիչ անվանակարգերի հաղթողների հայտարումը կկայանա դեկտեմբերին: Իսկ Բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունների ու ֆուտզալի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Նախ՝ ըստ ավանդույթի մրցանակաբաշխությունը մեկնարկեց տարվա ամենատպավորիչ դրվագներով տեսահոլովակով, ապա՝ ֆուտզալի չեմպիոնի պարգեւատրմամբ: 2011-ի չեմպիոնի գավաթն ու մեդալները «Էրեբունիին» հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը: Պարգեւատրվեցին նաեւ լավագույն խաղացող Հակոբ Ուզունյանը «Էրեբունիից» ու լավագույն ռմբարկու Մհեր Նազարեթյանը՝ «Պոլիտեխնիկից»:

«Արդար խաղի» մրցանակը ՀՖՖ գործկոմի անդամ Արտակ Մնացականյանը հանձնեց առաջին խմբից «Բանանց-2» թիմին, իսկ Բարձրագույն խմբից՝ «Ուլիսին»: «Ուլիսի» դուստր թիմ «Շենգավիթին» էլ փոքր ոսկե մեդալներ ու Հայաստանի առաջին խմբի հաղթողի գավաթը հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրներ «Գանձասարին» ու «Փյունիկին» մեդալները հանձնեցին համապատասխանաբար ՀՖՖ գործկոմի անդամներ Վիկտոր Դալաքյանն ու Տարոն Մարգարյանը, որից հետո բեմահարթակը տրամադրվեց տարվա ընթացքում հատուկ աչքի ընկած ֆուտբոլիստներին: Նախ՝ լավագույն ռմբարկուի պարգեւը ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանից ստացավ 16 գնդակի հեղինակ, «Բանանցի» ֆուտբոլիստ Բրունե Կորրեան: Նա արժանացավ նաեւ totalfootball.am կայքի խորհրդանշական հավաքականում ամենից հաճախ հայտնվելու մրցանակը՝ կայքի խմբագիր Հայկ Պետրոսյանից:

Տարվա հայտնություն մրցանակը հանձնեց «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը, որ ընտրել էր «Միկայի» ու երիտասարդական հավաքականի պաշտպան Անդրանիկ Ոսկանյանին: Իսկ Զարգացման հայկական բանկը պարգեւատրեց իր վարկածով ամենամեծ առաջընթաց գրանցած երիտասարդ ֆուտբոլիստին` «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանին:

Տոնական միջոցառումը եզրափակվեց չեմպիոնի պարգեւատրմամբ: Չեմպիոնական մեդալներն ու հաղթողի գավաթը «Ուլիսին» հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը նաեւ հանդես եկավ շնորհավորական խոսքով: Հարապետյանը նշեց, որ իրեն՝ որպես ֆեդերացիայի նախագահի, չի գոհացնում անցնող տարվա առաջնության որակը, ու կոչ արեց ակումբի նախագահներին այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, մանավանդ որ՝ Հայաստանի առաջնության մակարդակը բարձր չէ ու հենց դրա համար պետք է արժանի ելույթներ ունենալ միջազգային մակարդակում: «Սրտանց շնորհավորում եմ մրցանակակիրներին ու ցանկանում եմ նորանոր հաջողություններ, հատկապես՝ եվրոգավաթներում, որպեսզի մի փոքր քիչ քննադատեն ինձ, քանի որ ձեր վատ խաղի արդյունքում բոլոր մեղքերը բարդվում են ինձ վրա: Ֆուտբոլիստներին էլ մաղթում եմ առողջություն ու՝ վնասվածքներից զերծ մնալ»,-եզրափակեց Հայրապետյանը:

Գայանե ՆԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930