Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի բժշկական նորաբաց կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարց- Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Գավառի նորաբաց բժշկական կենտրոնից:
Սերժ Սարգսյան– Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու տարիների ընթացքում: Հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրիի ամենամեծ կենտրոնը և կսկսենք ևս վեց կենտրոնների շինարարություն: Գիտե՞ք, և՛ բժիշկների, և՛ պարզ մարդկանց հետ հանդիպման ժամանակ բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարևորությունը: Բնականաբար, խնդիրը ոչ միայն ժամանակի մեջ է, այլ այստեղ նաև հասանելիության ու հարմարավետության հարց է: Բնականաբար, գավառցին եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի կլինի այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք: Հատկապես որ բժիշկները ևս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետև առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներն օգտագործել: Սա տարածքների համաչափ զարգացման մեր ծրագրի մի մասն է, կարևոր բաղկացուցիչն է, բայց, իհարկե, միայն առողջապահության բնագավառով չենք սահմանափակվելու: Կարծում եմ, որ բոլորս մի կողմից պետք է ուրախ լինենք, մյուս կողմից՝ ակնկալիքներն ավելի շատ պետք է լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է մոտեցնենք մարդկանց, դարձնենք ավելի հասանելի, ավելի որակյալ: Շատ լավ տպավորություններ ունեմ: Օրինակ, բժիշկներն ասում են, միգուցե մի քիչ չափազանցնում են, բայց ասում են, որ այստեղ կան այնպիսի սարքավորումներ, որ Երևանի շատ հիվանդանոցներում չկան: Սա, իսկապես, ուրախալի է:
Քիչ առաջ եղանք նաև մեկ այլ բժշկական կենտրոնում, որտեղ իրենց առողջությունն են վերականգնում երեխաները: Արաբկիր առողջապահական կենտրոնի հետ միասին պետություն-մասնավոր համագործակցության մի գեղեցիկ ծրագիր է իրականացվում, որով խրոնիկ հիվանդություններ, մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները վերականգնում են իրենց առողջությունը: Սա նրա համար եմ նաև շեշտում, որ, գիտե՛ք, մեկ շաբաթ հետո նշվելու է հաշմանդամների միջազգային օրը, և սա շատ լավ ազդակ է մեր հանրությանը՝ կարևորելու հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը:
Կարդացեք նաև
Հարց– Պարո՛ն Նախագահ, եթե թույլ կտաք՝ մի հարց այլ թեմայի շուրջ. վերջերս սահմանում կրկին անհանգիստ է: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունները:
Սերժ Սարգսյան– Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանում միշտ անհանգիստ է լինելու: Բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը մարդկային զոհերի պատճառ չդառնա: Գիտեք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու զինվորի կորուստ ունեցանք, և մեր զինվորների մահը, այդ երկու զինվորի կորստի մեղքն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Եվ նաև նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք, որովհետև մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Եթե նրանց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար, իրոք, շատ թանկ արժե: Սա բոլորը պետք է լավ հիշեն: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի:
Հարց– Ինչո՞ւ, ինչի՞ վրա է հիմնված այդ համոզմունքը:
Սերժ Սարգսյան– Ինչո՞ւ, որովհետև դա մեր ցանկությունն է, որովհետև տրամաբանությունը դա է հուշում, որովհետև մարդկային բանականությունը դա է պահանջում: Ամեն ինչ լավ է լինելու: Մի՛ կասկածեք: Գիտե՛ք, որպեսզի որևէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք ու նաև պետք է համոզմունք ունենանք: Եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ապա ոչ մի բան չենք կարողանալու անել:
Հարց– Պարո՛ն Նախագահ, մեկ հարց ներքաղաքական թեմայով. օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն արեց՝ հրապարակավ դիմելով Ձեզ ազատ, արդար ընտրությունների առաջարկություններով: Կուզենայի իմանալ Ձեր արձագանքը:
Սերժ Սարգսյան– Ցավոք, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավելու մեր քաղաքական գործընթացները, կոնկրետ՝ ընտրությունների կազմակերպումը, այլ ուղղակի նպատակ ունի վարկաբեկելու սկսված գործընթացը:
Ինչպես գիտեք, մենք թափ ենք հավաքում, և մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի: Այսինքն, դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, և հենց այդ պատճառով էլ բազմաթիվ փոփոխություններ մտցրեցինք ընտրական օրենսգրքում, որոնք արժանացան մեր եվրոպական գործընկերների, մեր մյուս գործընկերների հավանությանը: Այսինքն, մենք ոչ միայն նպատակ ունենք, այլ նաև կոնկրետ գործողություններ ենք կատարում:
Կարծում եմ, որ այդ հայտարարության նպատակն ուղղակի սևացնելն ու այդ գործընթացը վնասելն է: Բայց կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու և ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձևով, այլ բոլոր քաղաքական գործընթացները՝ հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետև իրենք իրավունք չունեն գնահատական տալու, այլ՝ իրենց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը՝ մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, և կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն, դրանում համոզվելու:
Ամեն ինչ նորմալ է լինելու: Չնայած այդ ամենին, գիտե՛ք, մենք երեկ պատասխանեցինք պարոն Հովհաննիսյանի նամակին և մեր կարծիքը հրապարակեցինք: