Այսօր` նոյեմբերի 26-ին, Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ տեղի է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը խորհրդանշական է համարել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձին Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը. «Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցը եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն»։
Իր խոսքում Լիտվայի արտգործնախարարը, հիշատակելով հայ-լիտվական պատմական առնչությունները, նշեց, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում, եւ Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը:
Արտգործնախարարները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ առեւտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցություն:
Կարդացեք նաև